ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
G-20-ը խառնվեց գործին
Վաշինգտոնում ավարտվել է մոլորակի 20 առաջատար երկրների երկօրյա գագաթնաժողովը, որի օրակարգում միջազգային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման հարցն էր: Մասնակիցները ստորագրել են եզրափակիչ հռչակագիր, որի համաձայն` «քսանյակը» G-20-ը, պարտավորվում է միջոցներ ձեռնարկել միջազգային ֆինանսական համակարգը փլուզումից փրկելու եւ ապագայում նմանօրինակ հնարավոր բարդությունները կանխելու համար:
20 երկրների ղեկավարները, մասնավորապես, համաձայնել են բարեփոխել միջազգային երկու առանցքային կառույցները՝ Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, ինչը թույլ կտա մեղմել ճգնաժամի հետեւանքները հատկապես զարգացող պետությունների տնտեսությունների համար: Բացի այդ, 20 երկրները մտադիր են լրացուցիչ միջոցներ տրամադրել իրենց տեղական բանկերին, ինչը կխթանի տնտեսությունը եւ աշխուժություն կհաղորդի բորսաներին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը գովեստով է խոսել վաշինգտոնյան գագաթնաժողովի մասին:
«Նվաճումներից մեկն այն է, որ մենք որդեգրել ենք հստակ սկզբունքներ եւ պարտավորվել ենք կատարել հստակ քայլեր, որոնք թույլ կտան մեր ֆինանսական համակարգերը հարմարեցնել 21-րդ դարի իրողություններին», - ասել է Միացյալ Նահանգների գործող նախագահը:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ասել է, որ «Եվրոպան ցուցաբերել է կատարյալ միասնություն», եւ «պատմական» է անվանել վաշինգտոնյան հավաքը:
Գագաթնաժողովի աշխատանքը ողջունել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ մասնակից մնացած երկրների ղեկավարները:
Առաջատար 20 երկրների ղեկավարները ֆինանսների նախարարներին հանձնարարել են մինչեւ գալիք տարվա մարտի 31-ը մշակել առաջարկությունների ծրագիր, որը կքննարկվի հաջորդ գագաթնաժողովում: Այն տեղի կունենա մինչեւ ապրիլի 30-ը` հավանաբար, Լոնդոնում:
