Հայաստանում կանայք ցածր են վարձատրվում

Հայաստանում կանանց աշխատավարձը միջին հաշվարկով կազմում է տղամարդկանց աշխատավարձի 60 տոկոսը, «ՀՀ աշխատանքի օրենսգիրքը՝ որպես գենդերային հավասարությանը նպաստող արդյունավետ մեխանիզմ» թեմայով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Գյուլնարա Հովհաննիսյանը։

«Աղքատությունն ու գործազրկությունը հանրապետությունում կնոջ կերպար են կրում։ Հայաստանի աշխատաշուկան մի ոլորտ է, որտեղ նկատվում է գենդերային խտրականության առավել սուր դրսևորում։ Գոյություն ունի խտրականություն կանանց նկատմամբ աշխատանքի ընդունման, ինչպես նաև պաշտոնի բարձրացման հարցում», - նկատել է Գյուլնարա Հովհաննսիյանը։

Հայաստանում ՄԱԿ–ի Զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգն էլ ասել է, թե գենդերային հավասարության արդյունավետ ապահովումը լուրջ խնդիր է ողջ աշխարհում։ «Կանանց իրավունքները շարունակվում են ոտնահարվել։ Անհրաժեշտ է շարունակել աշխատանքը թույլ սեռի ներկայացուցիչների իրավիճակի բարելավման ուղղությամբ, քանի որ նրանք դեռևս լիիրավ հնարավորություն չունեն մասնակցելու որոշումների ընդունման գործում», հայտարարել է ՄԱԿ–ի ներկայացուցիչը։