ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կանանց իրավունքների տասնվեցօրյակ
Նոյեմբերի 25-ը Միավորված ազգերի կազմակերպության տոնացույցով Կանանց նկատմամբ բռնության վերացման ՄԱԿ-ի միջազգային օրն է, իսկ դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օրը: Հայաստանի իշխանությունների եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 25-դեկտեմբերի 10 հատվածում կանցկացվի գենդերային բռնության դեմ տասնվեցօրյակ` «Մարդու իրավունքներ կանանց համար, մարդու իրավունքներ բոլորի համար» կարգախոսով:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների, ողջ աշխարհում բռնություններից ավելի շատ կին է մահանում քան քաղցկեղից, ամեն երեք կանանցից մեկը ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվում, ամեն տարի չորս միլիոն կին եւ աղջիկ թրաֆիքինգի զոհ են դառնում:
Տասնվեցօրյակի մեկնարկի առիթով ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ մենք պատմականորեն քաղաքակիրթ ժողովուրդ ենք, բայց այսօր մեր հասարակությունում չկա գենդերային հավասարություն` բազմաթիվ ոլորտներում կինը զրկված է իր իրավունքները իրացնելու հնարավորություններից: Իսկ ՀՀ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը նկատեց, որ իհարկե այլ երկրների հետը համեմատ մեզանում կինը պակաս խնդիրներ ունի, սակայն դեռ անելիք կա եւ ուրախալի է, որ այս գիտակցումը կա նաեւ Ազգային ժողովում: Ըստ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների, վիճակը շտկելու համար, մեր խորհրդարանը պատրաստվում է ընդունել մի շարք օրենքներ` հավասար հնարավորությունների մասին, ընտանեկան բռնության դեմ, գենդերային բռնության դեմ եւ այլն:
Կանանց նկատմամբ բռնության վերացման ՄԱԿ-ի միջազգային օրվա առթիվ իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը նկատել է, որ Կոնգոյի Հյուսիսային Կիվու նահանգում ամեն ամիս 350 բռնաբարություն է արձանագրվում, Հայիթի վտանգավոր վայրերում երիտասարդ կանանց կեսը բռնաբարվում է, Լիբերիայում բռնաբարությունների մեծ մասը գործվել է տասներկու տարեկանից ցածր աղջիկների նկատմամբ: «Մենք բոլորս պարտավոր ենք օժանդակել կանանց նկատմամբ իրականացվող բռնություններին վերջ տալու գործին», հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Գենդերային բռնության դեմ տասնվեցօրյակի շրջանակներում Հայաստանում կկազմակերպվեն սեմինարներ, ռադիոհաղորդումներ, քայլարշավ, համերգ եւ ցուցահանդես, կցուցադրվեն սոցիալական գովազդներ: Տասնվեցօրյակը կամփոփեն Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` համատեղ մամուլի ասուլիսով:
