Ցեղասպանությունը փաստ է

Հռոմի կաթոլիկ եկեղեցին ընդունում է Հայոց ցեղասպանությունը որպես փաստ` հայտարարել է Վատիկանի մի բարձրաստիճան հոգեւորական կարդինալ Կասպերը: Իսկ թուրքական աղբյուրների համաձայն, նման հայտարարությունը կարող է խաթարել հայ-թուրքական հարաբերություններում նշմարվող հաշտեցման մթնոլորտը:

«Հայոց ցեղասպանությունը փաստ է: Վատիկանի դիրքորոշումն այս հարցում հայտարարվել էր դեռեւս 2001 թվականին` հանգուցյալ Հովհաննես Պողոս երկրորդի հայաստանյան այցի ժամանակ: Պապը Երեւանում այցելել էր ցեղասպանության հուշարձան եւ օգտագործել «ցեղասպանություն» բառը։ Ցեղասպանությունը լոկ պնդում չէ, այլ իրականություն է: Նման հանցանքները վաղեմության ժամկետ չեն ունենում: Սա պատմական փաստ է` բազմաթիվ զոհերով, եւ հիշողություն, որ պետք է ապաքինվի: Ես չգիտեմ, ինչ կարող է անել Վատիկանը` մեղմելու հայ-թուրքական հարաբերությունները: Նախ եւ առաջ, Կաթոլիկ եկեղեցին միշտ զոհերի կողմն է, եւ Վատիկանի վարվելակերպը պայմանավորված է հենց այս կարեւորագույն սկզբունքով», - Վատիկանի ռադիոյին ասել է Քրիստոնեական միասնության հարցերով պապական խորհրդի նախագահ կարդինալ Վալտեր Կասպերը: