ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մերժվեց հաստատումով
Հայաստանի հանրապետության վարչական դատարանը` Քրիստինե Մկոյանի նախագահությամբ մերժեց Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության հայցը ընդդեմ Հրազդանի քաղաքապետարանի: ԻԱԿ-ը Հրազդանի քաղաքապետարանից պահանջում էր իրեն տրամադրել քաղաքի ավագանու որոշումները, նաեւ քաղաքի բոլորին հասանելի, տեսանելի վայրում փակցնել այդ որոշումները: Դատարանը սակայն, չասաց թե ԻԱԿ-ը պահաջները իրականությանը չեն համապատասխանում: Ճիշտ հակառակը:
Վճռի հրապարակումից հետո դատավոր Մկոյանը պարզաբանեց, որ դատարանը ընդունում է. Հրազդանի քաղաքապետարանը ԻԱԿ-ի հարցմանը գրավոր չպատասխանելով խախտել է օրենքը, սակայն հասարակական կազմակերպությունը իրավունք չունի վարչական պատասխանատվության ենթարկելու հայց ներկայացնել: Հաջորդը` թեեւ Հրազդանում իսկապես քաղաքի բնակիչներին հասանելի եւ տեսանելի վայրում փակցված չեն քաղաքի ավագանու որոշումները, սակայն դատարանը այս մասով էլ է հայցը մերժել, որովհետեւ ԻԱԿ-ը այս պահանջով քաղաքապետարանին չի դիմել, միանգամից դատարան է գնացել:
Մի խոսքով, Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության հայցը մերժվեց օրենքին տառին եւ ոգուն համապատասխան, սակայն արձանագրվեց նաեւ` որ Հրազդանի քաղաքապետարանը առանձին դեպքերում խախտում է օրենքը: ԻԱԿ-ը կարող է դիմել Վճռաբեկ դատարան:
