Ոստիկանությունը կհամագործակցի ԵԱՀԿ եւ ՄԱԿՄՀ հետ

ՀՀ ոստիկանությունը եւ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նոյեմբերի 27-ին կստորագրեն համագործակցության հուշագիր, հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունը։

Հուշագիրը նախատեսում է ոստիկանություն-բնակչություն գործընկերության ամրապնդման, ոստիկանության կրթական համակարգի բարելավման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծում, ինչպես նաև ավելի սերտ համագործակցություն հասարակական կարգի պահպանման ոլորտում: Իսկ երեկ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի-Ջիլանին երեքշաբթի քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ոստիկանության և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցության դերն ու բարերար ազդեցությունը իրականացվող աշխատանքներում:

Նշվել է, որ 2001 թվականից ի վեր` ամեն տարի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ տարբեր թեմաներով և բովանդակությամբ վերապատրաստման դասընթացներ են անցկացվում անչափահասների հետ աշխատող ոստիկանության աշխատակիցների համար:
Կողմերի միջև ստորագրված պայմանագրի համաձայն, վերապատրաստվել է ոստիկանության շուրջ 80 աշխատակից։

2004 թ.-ին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի արդյունքում մշակվել էր «Երեխայի հանդեպ բռնության և անտեսման կանխարգելման պետական հայեցակարգը, միջգերատեսչական համագործակցության սկզբունքներն ու գործողությունների կանոնակարգը», որը ՀՀ ոստիկանության կողմից ներկայացվել էր Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին` շրջանառության մեջ դնելու նպատակով:
Մեկ տարի անց՝ 2005 թ.-ին, տարեկան ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ղեկավարության հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը մշակել էր «Ձեռնարկ ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով աշխատակիցների համար»։

Ձեռնարկը ծառայում է որպես մասնագիտական ուղեցույց և անչափահասների գործերով աշխատակիցներին ստեղծված բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հնարավորություն է տալիս: