Ռուսները չեն հաշտվում

Շախմատային Օլիմպիադան ավարտվել է, սակայն ռուսական լրատվամիջոցները, պաշտոնական անձինք և շախմատիստները չեն կարողանում հաշտվել Հայաստանի հավաքականի հաջողության հետ: Այսպես, Ռուսաստանի հավաքականի անդամ Դմիտրի Յակովենկոն համոզված է, որ իրենց հավաքականը Հայաստանի ընտրանուն ոչնչով չէր զիջում:

«Ցավոք, չկարողացանք կրկնել Եվրոպայի առաջնության արդյունքը ու հաղթանակ տոնել: Մի շարք հանդիպումներ մեզ համար անհաջող ընթացք ունեցան. միգուցե, դրա պատճառը մեր շախմատիստների ծանրաբեռնվածությունն էր տարվա ընթացքում:
Չեմ կարող ասել, թե մենք ավելի թույլ ենք, քան հայերը: Եվրոպայի առաջնությանը մենք հաղթեցինք գրեթե բոլոր նրանց, ում այս անգամ պարտվեցինք: Եթե հաղթեինք Հայաստանին, ապա ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել», – հայտարարել է Յակովենկոն։

Իսկ ՖԻԴԵ-ի 79-րդ նստաշրջանի ընթացքում որոշվել է Օլիմպիադա-2012-ի անցկացման վայրը: Խաղերի տանտիրոջ կարգավիճակում հանդես կգա թուրքական Ստամբուլը, իսկ հաջորդ՝ 2010թ. Օլիմպիադան կկայանա Ռուսաստանում՝ Խանտի-Մանսիյսկ քաղաքում։