ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նոր շենք Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությանը
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, 2008 թվականի դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազության վերակառուցված վարչական շենքի բացումը։
Խորենացի 162ա հասցեում տեղավորված շենքը նախագծվել է որպես համայնքի արդարադատության պալատ, որը շահագործման է հանձնվել 1982 թվականին:
Շենքում տեղավորված են համայնքների դատախազությունը, դատարանը, նոտարիատը, ՔԱԿԳ-ն, պետռեգիստրի բաժանմունքը, ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ և այլն:
Համայնքների դատախազությունը զբաղեցնում է շենքի 2-րդ մասնաշենքի 3-րդ և 4-րդ հարկերը՝ 885 մ2 մակերեսով: ՀՀ Կառավարության 03-06-04թ. թիվ 824-Ա որոշմամբ` նշված շենքում համայնքների դատախազության կողմից զբաղեցրած մակերեսը ՀՀ արդարադատության նախարարության հաշվեկշռից փոխանցվել է ՀՀ դատախազության հաշվեկշռին:
1982 թվականին շահագործման հանձնվելուց ի վեր շենքը անցած տարիների ընթացքում հիմնանորոգման չէր ենթարկվել:
2008 թվականին ՀՀ պետական բյուջեով հատկացվել է 42,5 մլն դրամ՝ շենքի վերակառուցման եւ հիմնանորոգման աշխատանքները կատարելու համար: Շինարարական աշխատանքները տեւել են շուրջ 4 ամիս՝ 2008թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին, որի արդյունքում մասնաշենքը հիմնովին վերակառուցվել է: Շենքն ապահովվել է անվտանգության համակարգով, ջեռուցման և հովացման համակարգերով, ինչպես նաեւ համակարգչային ներքին ցանցով ու ինտերնետ կապով, որն առաջիկայում կմիացվի նաեւ ՀՀ գլխավոր դատախազության ներքին համակարգչային և հեռախոսային ցանցին:
Վերակառուցման արդյունքում ստեղծվել է 60մ2 մակերեսով կահավորված խորհրդակցությունների դահլիճ, ընդարձակ սպասասրահ և հարմարավետ 10 աշխատասենյակներ, ավտոմեքենաների առանձնացված կայանատեղ:
