Իշխանությունները սկսել են բանակցե՞լ

Իշխանությունը, քաղբանտարկյալների հարցը լուծելու համար, ԵԽԽՎ նստաշրջանից առաջ, նրանց հետ սկսել է գաղտնի բանակցություն, առաջարկելով ազատ արձակել ներման խնդրանքի դիմաց։

Լրագրողների խնդրանքով պարզաբանելով այս մասին մամուլի հրապարակումները ընդդիմության գործիչներից մեկի` դատարանի վճռով երկու տարի ազատազրկման ենթարկված Սմբատ Այվազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ասել է, որ իշխանությունը հայտնվել է այնպիսի ծանր վիճակում, որ անկարող լինելով ապացուցել ընդդիմության ձերբակալված եւ նույնիսկ դատապարտված անդամների որեւէ մեղք կամ հանցանք, որի համար մեղադրում են նրանց, ստիպված է գնալ այդօրինակ քայլի եւ այդ բանակցության միջոցով փորձել լուծել քաղբանտարկյալների հարցը: Ըստ Լուսինե Սահակյանի, իշխանությունը թերեւս փնտրում է թույլ օղակ, այդ բանակցությունը վարելու համար: Սակայն, փաստաբանը նշում է, թե իշխանության մտքով անգամ չի անցնի այդօրինակ բան առաջարկել եւ բանակցել Սմբատ Այվազյանի հետ, քանի որ Սմբատ Այվազյանը թույլ օղակ չէ: Լուսինե Սահակյանը նույնիսկ նշել է, թե իր պաշտպանյալը անգամ դիմում չի ներկայացնի վաղաժամկետ պայմանական ազատ արձակման համար, քանի որ նա իրեն երբեք մեղավոր չի ճանաչի: