ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընդդեմ կոռուպցիայի
Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվա առթիվ հայտարարություն է տարածել Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կազմակերպության Հայաստանի գրասենյակը։
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Տեղական և միջազգային փորձագետները վկայում են, որ կոռուպցիան Հայաստանում
համատարած է ու կրում է համակարգային բնույթ. այսինքն և ոչ մի ոլորտ կամ ինստիտուտ զերծ չի
մնացել այդ արատավոր երևույթից: Կոռուպցիան շարունակում է քայքայել մեր պետականությունը,
տնտեսությունը և բարոյականությունը: Չանդրադառնալ քաղաքական և վարչական կոռուպցիայի
դեմ լուրջ և իրական պայքարին` նշանակում է վտանգել երկրի ներկան և ապագան:
2008թ. Հայաստանում սկսվել է նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակումը, ընդունվել
և/կամ ուժի մեջ են մտել մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական ակտեր, որոնք ունեն
հակակոռուպցիոն ուղղվածություն, ինչպես նաև իրականացվել են այլ հակակոռուպցիոն
նախաձեռնություններ: Դրանցից են ՀՀ Վերահսկիչ պալատի բացահայտումները տարբեր ոլորտներում
տեղ գտած լուրջ խախտումների և չարաշահումների վերաբերյալ, պետական մարմինների
աշխատակիցների քրեական հետապնդումները և դատապարտումները, դատախազության կայքում
կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող տվյալների տեղադրումը, նոր արդարադատության
համակարգի ներդրումը, վարչական դատարանների առկայությամբ, Ֆիզիկական անձանց գույքի և
եկամուտների հայտարարագրման մասին ՀՀ օրենքի փոփոխությունները, հարկային դաշտին
վերաբերող օրենքների փոփոխություններն ու ստուգումների անցկացումը, ոստիկանության
ծառայության ոլորտում անցկացված բարեփոխումները, մասնավորապես` անձնագրային բաժիններում
և ճանապարհային ոստիկանությունում, դատավորների աշխատավարձի բարձրացումը և այլն:
Այնուհանդերձ, Վերահսկիչ պալատի բացահայտումները չստացան և ոչ մի լուրջ արձագանք,
պատժված պետական պաշտոնյաներից և ոչ մեկը բարձրաստիճան չէ, գույքի և եկամուտների
հայտարարագրմանն առնչվող ոչ մի բացահայտում տեղ չի գտել, շահերի բախման և քաղաքական ու
տնտեսական շահերի սերտաճման հարցը մնում է չհասցեագրված, հարկային բարեփոխումների թիրախ
չեն հանդիսանում օլիգարխները և խոշոր բիզնեսը, չի ապահովվում արդար դատավարության և օրենքի
առաջ բոլորի հավասարության սկզբունքը: Ավելին, նախագահական և տեղական ինքնակառավարման
մարմինների ընտրությունների ժամանակ բացահայտվել է քաղաքական կոռուպցիան /վարչական,
լրատվական, ֆինանսական և այլ ռեսուրսների չարաշահումը, ընտրակաշառքը, և այլն/, շատացել
բռնության և այլ կոպիտ իրավախախտումների դեպքերը: Սաստկացել է մամուլի հանդեպ
վերահսկողությունը և բազմակարծության արգելումը, լրագրողների և քաղաքացիական
ակտիվիստների վրա հարձակումները, խոսքի, հավաքների ու ցույցերի ազատությունների խիստ
սահմանափակումները:
Մարտի 1-2-ի դեպքերի մեղավորները մնացել են անպատիժ, երկրում կան
բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ և բացակայում է քաղաքական երկխոսությունը:
Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ենթադրում է համակարգային մոտեցում երեք
ուղղություններով` կանխարգելում, բացահայտում և հանրային աջակցություն, որը ներառում է բոլոր
առկա ինստիտուտները և հասարակության մեջ գործող արժեքները: Քանի դեռ Հայաստանում
ապահովված չէ մամուլի, արտահայտման, հավաքների ու ժողովների ազատությունը, յուրաքանչյուր
մարդու անվտանգությունը և պաշտպանվածությունը` անկախ գործունեության բնույթից և քաղաքական
հայացքներից, անկախ ու արդար դատավարությունը, տնտեսության հակամենաշնորհացումը և
շուկայական մրցակցության խթանումը, շահերի բախման բացառումը, պետական գործիչների
հաշվետու լինելը, ազատ ու անկախ ընտրությունները, քաղաքացիների իրական մասնակցությունը
որոշումների կայացման գործում, կոռուպցիայի մակարդակը երկրում չի նվազի: Համակարգային
կոռուպցիան հնարավոր չէ հաղթահարել առանձին ոլորտներում առանձին բարեփոխումներ
իրականացնելով և ստորին օղակներում առանձին պաշտոնյաներ ձերբակալելով:
