ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նամակ Թուրքիայի նախագահին
Արվեստի շուրջ 300 հայ գործիչներ` այդ թվում Պերճ Զեյթունցյանը, Սոս Սարգսյանը, Էդվարդ Միրզոյանը, Վլադիմիր Աբաջյանը, Ռուբեն Հովսեփյանը, Արա Շիրազը, ակադեմիկոսներ, դոկտորներ, հասարակական եւ լրատվական կազմակերպությունների ղեկավարներ, բաց նամակով դիմել են Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին` կոչ անելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
«Թուրքիայի Հանրապետության նախագահ պարոն Աբդուլլա Գյուլին
Մեծարգո պարոն նախագահ
Վերջին իրադարձությունների արդյունքում Հարավային Կովկասում ստեղծված նոր կացությունը, Ձեզ Հայաստան հրավիրելու ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի համարձակ քայլն ու կայացած հանդիպումը կրկին հաստատում են, որ Հայաստան-Թուրքիա հարեւանության բնականոնացումը պահանջում է խիզախ եւ իրապաշտ լուծումներ: Առաջին հերթին մենք կանգնած ենք Հայոց Ցեղասպանության կնճռոտ հարցի առջեւ:
Անկեղծորեն ընդունենք՝ այս հարցը բաժանել է երկու ժողովուրդներին 1915 թվականից ի վեր: Այն խռովել է հայերի եւ թուրքերի հավաքական գիտակցությունը եւ պայմանավորել մեր քայլերը՝ անկախ ամենօրյա քաղաքականության բազմապիսի հրամայականներից:
Պարոն նախագահ, այս դեպքում գործ ունենք մարդկության դեմ գործադրված ահռելի ոճիրի հետ, որն անժամանցելի է: Սա ոչ միայն համայն հայ ժողովրդի ընդհանրական պահանջատիրությունն է, այլեւ՝ համաշխարհային հանրության արդար ակնկալությունը: Հայոց Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության եւ ներկա քաղաքակրթական արժեքների դեմ, եւ որեւէ անհատ, կազմակերպություն, անգամ պետական իշխանություն ի զորու չէ հարցականի տակ առնել կատարվածը:
Մենք բոլորս պետք է դիմագրավենք այն փաստը, որ Օսմանյան Թուրքիան մեղավոր է հայ ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանական Մեծ Եղեռնի, իսկ ներկայիս թուրք պետությունը ժառանգաբար պատասխանատու է այդ արարքի համար: Թուրքիայի ընթացիկ դիվանագիտությունը եւ քարոզչական մեքենան չեն կարող փակել մեր հավաքական պատմության մռայլ էջը:
Մեր երկու ժողովուրդների պատմական հիշողությունը շատ խորն է եւ անհանգիստ, հեշտ լուծումներ գոյություն չունեն: Թուրքիայի ղեկավարության Ձեր սերունդը պետք է ընդունի անհերքելի ճշմարտությունը եւ ճանաչի Հայոց Ցեղասպանության փաստը։
Կարծում ենք՝ սա առաջին հերթին հենց թուրք ժողովրդին է անհրաժեշտ: Այդպիսով նա կազատվի պատմության բեռից եւ բաց ճակատով կկանգնի մյուս պետությունների կողքին: Միայն այդպես է հնարավոր փակել այս էջը եւ համարձակ քայլ անել դեպի ապագա: Միայն այս դեպքում կկայանա մեր երկու ժողովուրդների անկեղծ երկխոսությունը եւ ցանկալի իրական հաշտության գործընթացը:
Հայաստան կատարած Ձեր այցը եւ Կովկասում ընդհանուր կայունությանը նպաստելուն ուղղված Թուրքիայի նախաձեռնությունը որոշ հույս են ներշնչում, որ Թուրքիայում աստիճանաբար իրատեսական քաղաքական հոսանք է ձեւավորվում, բայց այս ճիգերը կարող են հեշտորեն ոչնչանալ, եթե պետությունը չդիմի վճռական քայլերի՝ մեկ անգամ եւ ընդմիշտ վերջ տալով Հայոց Ցեղասպանության մերժման իր այսօրվա քաղաքականությանը»:
Հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներից բաց նամակը ստորագրել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի ղեկավարը, «Առավոտ», «168 ժամ», «Հայաստանի հանրապետություն«, «Գոլոս Արմենիի» եւ այլ թերթերի խմբագիրները:
