ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրը, մենք դիմավորում ենք անցած 2008թ. ընթացքում մարդու իրավունքների համատարած խախտման փաստերի ծանր բեռով:
Այս տարի մարդու իրավունքների վիճակը ոչ մի քայլով առաջընթաց չունեցավ, ընդհակառակը՝ զանգվածաբար ոչ միայն խախտվեցին, այլև կանխամտածված անուշադրության մատնվեցին մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը:
Տասնյակ քաղաքացիներ հետապնդվեցին իրենց քաղաքական հայացքների համար: Ակնհայտ կեղծ ապացույցների հիման վրա 6 տարվա ազատազրկման դատապարտվեց ՀՀՇ Լոռու մարզի խորհրդի նախագահ Աշոտ Մանուկյանը: Լոռու մարզի 47 քաղաքացիներ՝ ընդդիմության ներկայացուցիչներ, ապօրինի բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ, ակնհայտ ապօրինի խուզարկվեցին նրանց բնակարանները:
Չբացահայտված են մնում աղմկահարույց սպանությունները՝ Լոռու մարզի դատախազի սպանությունը, Սպիտակ քաղաքում 4 անձանց սպանությունները: 2000թ. մինչև այժմ մոտ տասը սպանության դեպքեր մնում են չբացահայտված:
Սույն հայտարարությամբ ոչ միայն մեր մտահոգությունն ենք հայտնում մարդու իրավունքների ծայրահեղ վատ վիճակի վերաբերյալ, այլև իշխանությունների կողմից խախտված իրավունքների վերականգնման բնագավառում կանխամտածված անգործության վերաբերյալ: Նման իրավիճակի շարունակումը միանշանակ կհանգեցնի երկրում ոչ միայն փաստացի, այլև իրավականորեն ձևավորված բռնապետության հաստատմանը:
Մենք չենք կարող հանդուրժել նման իրավիճակի գոյությունը և կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, հասարակական-քաղաքական կազմակերպություններին չհուսալքվել, չհիասթափվել, այլ ավելի վճռական լինել Հայաստանի Հանրապետությունում մարդու արժանապատվությունը պաշտպանող պետական համակարգի ձևավորման համար պայքարում:
Բռնատիրությունը չի անցնի:
10 դեկտեբերի, 2008թ.
Վանաձոր
