Երկու որոշում ի վնաս Թուրքիայի

Թուրքական աղբյուրների համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Թուրքիան խախտել է Ստամբուլում գտնվող երկու հայկական հիմնադրամների սեփականության իրավունքները:

Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու, դպրոցի և գերեզմանոցի, ինչպես նաև Յեդիքուլում գտնվող Հայկական հիվանդանոցի հիմնադրամի տնօրենների խորհուրդը դիմել էր Ստրասբուրգի դատարան։ Համաձայն հայցի՝ Թուրքիայի դատարանները հայկական հիմնադրամներին սեփականության իրավունքից զրկող անօրինական որոշումներ են կայացրել։ Այդ սեփականությունը նրանք ստացել են որպես նվիրատվություն, իսկ, ըստ հայկական հիմնադրամների ներկայացուցիչների, դատարանի կայացրած որոշումները խախտում են իրենց սեփականության իրավունքները` Մարդու իրավունքների Եվրոպական հռչակագրի համաձայն:

Թուրքիայի դատարանը վճռել էր զրկել երկու հիմնադրամներին սեփականության իրավունքից, քանի որ նվիրատվության փաստաթուղթը երկու հիմնադրամներին իրավունք չէր տալիս անշարժ գույք ձեռք բերել: Երկու հայկական հիմնադրամները ստեղծվել են Օսմանյան կայսրության օրոք 1832թ., իսկ այնուհետև սեփականության իրավունքները համաձայնեցվել են` Թուրքիայի ժամանակակից օրենքի համապատասխան:

Եվրոպական դատարանի վճռում նշված է, որ երկու հիմնադրամների սեփականության իրավունքի փաստաթղթերը համապատասխանում են Լոզանի համաձայնագրի կետերին: