ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Որոշ գործեր կարճվել են
«2008 թ. Ազատության հրապարակում իշխանությունների նկատմամբ բռնություն կատարելու, իշխանությունը բռնի զավթելու և զանգվածային անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում դատարան են ուղարկվել 90 քրեական գործեր՝ 111 անձի վերաբեյալ։ 87 քրգործով՝ 101 անձի վերաբերյալ կայացվել են դատավճիռներ, 26–ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, որոշ քրեական գործեր էլ կարճվել են»։
Այս մասին այսօր գլխավոր դատախազությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է հիշյալ քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը։
Նրա տեղեկացմամբ, նախաքննության ընթացքում հարցաքննվել են 2500–ից ավելի վկաներ՝ քաղաքացիական անձինք, 500–ից ավելի ոստիկանության աշխատակիցներ, 250 անձ տուժող է ճանաչվել։ Քննչական խմբի ղեկավարի խոսքով, կատարվել են նաև մի քանի հարյուր քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, առերեսումներ, խուզարկություններ, առգրավումներ։ Քննչական խմբի ղեկավարը նաև ներկայացրել է այն միջոցներն ու զենքերը, որոնք այդ օրերին տրվել են ոստիկանությանը։
Քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է, ու կա մեծածավալ աշխատանք՝ մասնավորապես հանցագործությունների լիարժեք բացահայտման, ոստիկանության աշխատակիցների գործողությունների օրինականությանն ու իրավաչափությանը գնահատական տալու հարցերում։ Չեն բացահայտվել նաև մարտյան դեպքերի ժամանակ մահացած 10 անձանց մահվան պատճառները։
Քննչական խմբի ղեկավարը նաև նշել է, որ այս պահին դժվարություն կա այդ օրերին արձակված և հայտնաբերված հրազենային գնդակների նույնականացման հարցում, և բանակցություններ են տարվում փորձաքննությունները Ռուսաստանում կատարելու համար։
Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած ընդդիմության առանցքային ներկայացուցիչներ Արարատ Զուրաբյանի, Կարապետ Ռուբինյանի, Արամ Զավենի Սարգսյանի և Գուրգեն Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ բավարար ապացույցների բացակայության պատճառով։
