ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պաշտպանները բոյկոտում են նիստերը
«Մատաղիսի գործով» ամբաստանյալների աթոռին կրկին հայտնված Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի ու Մուսա Սերոբյանի պաշտպանները հրաժարվում են մասնակցել Հյուսիսային քրեական դատարանի Գյումրիի նստավայրում ընթացող դատական նիստերին: Պաշտպան Հայկ Ալումյանը «Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանեց իր չմասնակցելու պատճառը:
Նա նշեց, որ այսօր «Մատաղիսի գործի» քննությունը անցկացնում են երեք դատավորներ, որոնցից միայն մեկն է Հյուսիսային քրեական դատարանի դատավոր, մյուս երկուսը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են: Պաշտպանները նիստերի ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել այդ երկու դատավորներին, սակայն նրանք մերժել են միջնորդությունը` ցույց տալով Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանը, որով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից իրենց գործուղել է Հյուսիսային քրեական դատարան:
«Մենք գտանք, որ այդ հրամանն էլ է անօրինական, հակասում է Սահմանադրությանը: Դիմեցինք Սահմանադրական դատարան, դատարանը այդ հոդվածը ճանաչեց Սահմանադրությանը հակասող: Հիմա այդ հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, սակայն այս դատարանը շարունակում է համարվել Հյուսիսային քրեական դատարան ու փորձում են Հյուսիսային քրեական դատարանի անունից դատավարություն անցկացնել»,- ասաց Հայկ Ալումյանը:
Պաշտպանը ընդունում է, որ ինքը նիստերին չմասնակցելով` օրենք է խախտում, մինչդեռ. «Ես ավելի մեծ խախտում թույլ կտամ, եթե այս երեք հոգուն դիմեմ` հարգելի դատարան: Մենք Սահմանադրական դատարանով էլ ապացուցեցինք, որ մենք ճիշտ ենք, բայց այդ մարդկանց այդ քիչ է, երեւի պետք է, որ իրենց վերադասը ասի, աշխատակազմի ղեկավարը կամ Վճռաբեկի նախագահը»:
Պաշտպանը շարունակելու է նիստերից բացակայել այնքան ժամանակ, մինչեւ. «Իրենք կհասկանան, որ եթե օրենքում գրված է Հյուսիսային քրեական դատարանը կդատի, ուրեմն Հյուսիսային, ոչ թե այն դատարանը, որը Վճռաբեկ դատարանի նախագահը ասի»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` ժամկետային զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը ծառայության ընթացքում միտումնավոր սպանել են ծառայակից իրենց 2 ընկերներին` Հովսեփ Մկրտումյանին եւ Ռոման Եղիազարյանին: Առաջին ատյանի դատարանը գործով ամբաստանյալներին դատապարտել էր 15 տարվա, իսկ վերաքննիչը` ցմահ ազատազրկման: Իսկ Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր լրացուցիչ նախաքննության, ընդ որում` կալանքը որպես խափանման միջոց փոխվել է` հանրապետությունից չհեռանալու ստորագրությամբ:
Հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 25-ին:
Ի դեպ, Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար Ալինա Ենգոյանը «Ա1+»-ին փոխանցեց, որ դեկտեմբերի 2-ին նշված որոշման համաձայն` ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնական ժամկետ է սահմանվել 2009թ.-ի մարտի 1-ը:
