Հանձնվածին չեն ճնշում

Կամավոր կերպով հայկական կողմին հանձնված ադրբեջանցի զինծառայող Ռաֆիկ Ռահման Օղլի Հասանովը ցանկանում է Հայաստանի քաղաքացիություն ստանալ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի 707 մոտոհրաձգային բրիգադի 1-ին գումարտակի 19-ամյա զինծառայող, շարքային Ռաֆիկ Ռահման Օղլի Հասանովը հոկտեմբերի 8-ին խախտել էր հայ-ադրբեջանական սահմանը և կամավոր հայկական կողմին գերի հանձնվել։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հարցազրույցում Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ում ծառայելու ընթացքում կտտանքների է ենթարկվել։
Նրա խոսքերով, իրեն ստորացնում էին 707 բրիգադի 5-րդ գումարտակում, որը տեղակայված է Ղազախում։

Զինծառայողի խոսքերով, այնտեղ ծառայել է երեք ամիս, այնուհետև ուրախացել, որ տեղափոխում են հենակետ` մտածելով, թե ինը զինվոր է լինելու և մեկ սպա, ուստի ավելի հեշտ կլինի ծառայությունը:
«Սակայն միևնույնն էր` ինձ Բազահլի հենակետում էլ էին ծեծում և կտտանքների ենթարկում, ինչին չդիմանալով` ես ինքս ինքնաձիգից կրակել եմ իմ ձախ ոտնաթաթին, որից հետո տեղափոխվել եմ հոսպիտալ, ապաքինվել, ապա նորից վերադարձել հենակետ: Սակայն հրամանատարությունը շարունակում էր ինձ ծաղրել` համեմատելով ավանակի հետ։ Դիմում եմ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին` խնդրելով ստուգումներ իրականացնել Ղազախի 707 բրիգադում, մասնավորապես, 5-րդ գումարտակում և Ասլան Բեյլի, Գայ Մախլի, Քյամարլի 1-ին գումարտակի բոլոր հենակետերում: Թող ստուգեն և տեսնեն, թե ինչու են այսպիսի երևույթներ տեղի ունենում: Հրամանատարությունը ծեծի է ենթարկում չունևորների երեխաներին, ովքեր ծառայում են հենակետերում, իսկ ունևորներն իրենց զինգրքույկները ստանում են իրենց իսկ տներում: Իհարկե, հասկանում եմ, որ բոլորն էլ պետք է ծառայեն բանակում, բայց այդ դեպքում ինչո՞ւ հարուստների երեխաները չեն ծառայում»,- նշել է Հասանովը։
Նա թվարկեց ադրբեջանական բանակում կաշառակերության, զինվորների նկատմամբ ծաղրի, սպաների կազմակերպած հարբեցողության բազմաթիվ դեպքեր։
Հասանովը, մասնավորապես, նշեց, որ ադրբեջանական բանակում ծառայելիս իրեն փորձել են խեղդել, գրեթե ամեն օր ծեծի են ենթարկել:
Նրա խոսքերով, Ադրբեջանի Զինված Ուժերում աղքատ ընտանիքների երեխաներն անընդհատ ծեծի են ենթարկվում, նրանց նույնիսկ սպանում են, իսկ հետո սպանությունը ներկայացնում որպես հայկական կողմից եկած կրակոցների արդյունք։

«Ես Հայաստան եմ եկել սեփական կամքով և կդառնամ Հայաստանի քաղաքացի, իսկ Ադրբեջան այլևս երբեք չեմ վերադառնա, քանի որ այնտեղ ինձ ծեծում և ստորացնում են»,- նշեց նա։
Հասանովի խոսքերով, Հայաստանում իրեն շատ լավ են վերաբերվում և տրամադրում բոլոր անհրաժեշտ բժշկական ծառայությունները։
Շնորհակալություն հայտնելով բժշկական անձնակազմին՝ նա նշեց, որ հայ բժիշկները պատրաստ են իրեն անվճար վիրահատել, այն դեպքում, երբ Ադրբեջանում իր ծնողներն այդ վիրահատության համար միջոցներ չունեին։

«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանին նախագահներին և հայտարարում, որ 19 տարի ես Ադրբեջանի քաղաքացի եմ եղել, իսկ այսուհետ ուզում եմ Հայաստանի քաղաքացի լինել, և Ադրբեջան այլևս չեմ գնա։ Սա իմ վերջնական որոշումն է», հայտարարել է Հասանովը։
Ւսկ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը հերքել է Բաքվում հնչող պնդումներն այն մասին, թե զինծառայող Ռաֆիկ Հասանովի վրա, որը կամավոր կերպով հանձնվել է հայկական կողմին և հրաժարվում է Ադրբեջան վերադառնալ, ճնշում է գործադրվում։

«Հասանովն ինքն է խնդրել ելույթ ունենալ տեսախցիկի առջև, և այդ մասին գիտեն Կարմիր Խաչի ներկայացուցիչները։ Դա արվել է նրանց գիտությամբ և նրանց աջակցությամբ։ Հայկական կողմը ադրբեջանական զինծառայողին Հայաստանում պահելու որևէ մտադրություն չուներ», հայտարարել է Շահսուվարյանը։