Հեռուստատեսային օմբուդսմեն ԳԱԼԱ-ում

ԳԱԼԱ հեռուստաընկերության կողմից կիրառվելու է դեռեւս հեռուստադիտողի համար աննախադեպ մի պրակտիկա, այսուհետ հեռուստաընկերության գործունեությունը վերահսկելու է ներքին օմբուդսմենի ինստիտուտը: Սա միջազգային փորձից վերցրած մի մոդել է, որին անծանոթ է հայ հեռուստադիտողը:

ԳԱԼԱ-ի եթերով հեռարձակված հեռուստաարտադրանքի վերաբերյալ մարդկանց կարծիքների եւ դիտարկումների հիման վրա օմբուդսմենը պարբերաբար կհրապարակի արդյունքները: Գաղափարը միտում ունի հեռուստատեսությունն ավելի հանրայնացնել: Այսուհետ ԳԱԼԱ հեռուստաընկերության գործունեության եւ վերահսկողության գործում կներգրավվի նաեւ հեռուստադիտողը: Երեւույթը աննախադեպ է մեր հեռուստապատմության մեջ:

Հանրության ակտիվ զանգվածի անմիջական մասնակցությամբ կդիտարկվի ընկերության աշխատանքը: Այն համակարգելու է օմբուդսմենը՝ «Քաղաքական մշակույթի եւ համաձայնությունների զարգացման «Շիրակ» կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը: Նա անմիջական եւ հեռախոսային մշտական կապ պահպանելով հեռուստադիտողների հետ, նրանց դիտողությունները, կարծիքներն ու ցանկությունները ուսումնասիրելուց հետո հանրությանը հաշվետվության կներկայացնի: «Հանրությունը կունենա հնարավորություն ազդելու հեռուստաընկերության գործունեության վրա, եւ հեռուսռաընկերությունը հանրայնացնելու գործում»,-նշում է հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը: ԳԱԼԱ հեռուստաընկերությունում Օմբուդսմենի ինստիտուտի ներդրման հիմքում անաչառությունն է: Ի տարբերության միջազգային փորձի, որտեղ հեռուստաընկերության հիմնադիրը վճարում է օմբուդսմենին, ԳԱԼԱ ՀԸ օմբուդսմենը անկախ է լինելու եւ չի ֆինանսավորվելու ԳԱԼԱ-ի կողմից: Հեռուստատեսության օմբուդսմենը ստեղծելու է հեռուստատեսություն-հանրություն-ստեղծագործական խումբ կապը: Ստեղծագործական խմբի վրա ազդեցությունը կլինի այնքան, որքան կցանկանա ինքը՝ հեռուստադիտողը: Հանրայնացնել հեռուստաընկերությունը, նշանակում է հաշվի նստել հեռուստադիտողի կարծիքի հետ,-նշում է հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը, եւ դա իրականություն կդառնա միայն հեռուստալսարանի անմիջական եւ ակտիվ մասնակցության դեպքում: Նորաստեղծ այս գործում կարեւորվում է հանրության կարծիքը, այստեղ յուրաքանչյուր հեռուստադիտող օմբուդսմեն է, որը կարող է իր տեսակետը արտահայտել մեր եթերով հեռարձակվող ցանկացած թողարկման վերաբերյալ, եւ թելադրել իր պահանջները: Այս նախաձեռնությունը ժողովրդին հնարավորություն կտա ներգրավվել հեռուստատեսության աշխատանքների մեջ եւ իր ազդեցությունն ունենալ եթերի ձեւավորման գործում: