Նամակ Գրիգոր Ամալյանին

«Տհաճ Եթեր» ամենամյա մրցանակաբաշխությունը նախաձեռնած «Էքսպերտների Միավորում» հասարակական կազմակերպությունը բաց նամակով դիմել է ՀՌԱՀ խորհրդի նախագահ Գրիգոր Ամալյանին։

Նամակում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Ամալյան, մամուլից տեղեկանալով, որ դուք ՀՌԱՀ անունից ողջունում եք մեզ, մենք տարակուսեցինք։

Ողջունել պետք չի պարոն Ամալյան, աշխատել է պետք, արդարացնել հարկատուների կողմից Ձեզ աշխատավարձի տեսքով տրվող գումարները։ Դուք մատնված եք անգործության (չար լեզուներն ասում են, որ Ձեր անգործությունը միտումնավոր է), Ձեր այդ անգործության հետևանքով հեռուստաեթերը դարձավ անգրագետ, գռեհիկ, գորշ, անմիտ ու տափակ իրողություն։

Եթե ողջունել եք մեր նախաձեռնությունն ու ընդունել եք հեռուստաեթերի ողբալի վիճակը, այդ դեպքում մենք Ձեզ մի քանի հարց կտանք։

Ո՞ր հեռուստաընկերության նկատմամբ եք որևէ սանկցիա կիրառել ապօրինի գովազդային գործունեության համար։

Քանի՞ հեռուստաընկերություն է նախազգուշացվել ցածրորակ հեռուստաարտադրանք հեռարձակելու համար։

Քանի՞ հեռուստաընկերություն է նախազգուշացվել ցերեկային ժամերին անբարոյական տեսարաններով ու թունդ հայհոյանքներով հագեցած հաղորդումներ ցուցադրելու համար։

Քանի հեռուստաընկերություն է նախազգուշացվել անգրագիտություն քարոզելու համար։

Առայժմ բավարարվենք այսքանով»: