ԵԽԽՎ-ն որոշեց չզրկել Հայաստանին ձայնի իրավունքից

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը երկուշաբթի փակ նիստի ժամանակ մեղմել է իր դիրքորոշումը և առաջարկել է չզրկել հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից: Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին առաջարկել էր դադարեցնել ՀՀ պատվիրակության ձայնի իրավունքը ԵԽԽՎ-ում`Երևանում մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի կապակցությամբ։

«Այս փուլում որոշում է ընդունվել չկիրառել պատժամիջոցներ Հայաստանի նկատմամբ, քանի որ իշխանությունների քաղաքական կամք է արձանագրվել», - լրագրողներին ասել է հայկական պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։

Բացի այդ դեռևս առավոտյան ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչն ասել էր, որ չի կարծում, թե Հայաստանին կզրկեն ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն իր հերթին ասել է, որ այս պահի դրությամբ համազեկուցողների առաջարկության մեջ չի մտնում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը և ձայնի իրավունքից զրկելը, սակայն մոնիտորինգի հանձնաժողովի կշարունակի կատարել իր գործառույթները։

Համազեկուցողները պատճառաբանել են իրենց դիրքորոշումը նրանով, որ Երևան իրենց վերջին այցելության ընթացքում տեսել են Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքը. Հայաստանի նախագահն արդեն ներում է շնորհել զանգվածային անկարգությունների վերաբերյալ գործով 20 մեղադրյալների, իսկ խորհրդարանի նախագահի կարգադրությամբ արդեն ստեղծվել է Քրեական օրենսգրքի հոդվածների վերանայման աշխատանքային խումբ, որոնք վերաբերում են զանգվածային անկարգություններին և պետական իշխանության բռնազավթմանը, այդ հոդվածները բարդություններ են ստեղծում՝ տարբերություն չդնելով այդ հանցագործությունների քաղաքական և քրեական ենթատեքստի միջև։

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է հրաման` Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 225 (զանգվածային անկարգություններ) և 300 (պետական իշխանության բռնազավթում) հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին: