Հայաստանին ևս մեկ հնարավորություն տվեցին

Ստրասբուրգում ավարտվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի երկրորդ օրվա նիստի առաջին հատվածը, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Հայաստանի հարցով զեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն առաջարկեցին հետաձգել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը մինչև ապրիլյան նստաշրջան:

Մի շարք պատվիրակներ համաձայնեցին համազեկուցողների հետ՝ նշելով, որ Հայաստանին պետք է ոչ թե զրկել ձայնի իրավունքից, այլ օգնել վերադառնալ ժողովրդավարության ուղի։ Նրանք նշում էին, որ Հայաստանին՝ ձայնի իրավունքից զրկելուց հետո ժողովրդավարության վիճակը երկրում կտրուկ չի բարելավվելու, և դա ամենևին էլ լուծում չէ։

Բնական է, որ Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու կողմ էին Ադրբեջանի երեք պատվիրակներ, ովքեր իրենց ելույթում չմոռացան խոսել երկակի ստանդարտներից և ադրբեջանական քարոզչական մեքենայի ավանդական դրույթներից։ Ադրբեջանական կողմին պատասխանեց Հայաստանի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, ով իր խոսքում նշեց, որ ադրբեջանցիների նման ելույթներին բոլորը ծանոթ են, և դրանք ավելորդ է մեկնաբանել։

Հայաստանին ձայնի իրավունքից զրկելուն կողմ էր շվեդ պատվիրակ Մարիետա Պուռբե–Լունդինը, ով նշեց, որ Հայաստանի իշխանություններին հնարավորություն էր տրվել ազատել բոլոր կալանավորված անձանց դեռևս վեց ամիս առաջ, սակայն դա տեղի չի ունեցել մինչ այսօր։ Պուռբե–Լունդինն ասաց, որ ինքն առաջարկել էր այս հարցը քննարկել դեռևս հոկտեմբերին, սակայն դա տեղի չէր ունեցել, և, օգտվելով դրանից, Հայաստանի իշխանությունները պարզապես ձգձգում են և չեն կատարում Վեհաժողովի պահանջները։ Եվ այսպես Հայաստանի հարցի քննարկումը տեղափոխվում է և ՀՀ իշխանություններին հնարավորություն է տրվում կատարել ԵԽԽՎ պահանջները։ Պատվիրակները կողմ քվեարկեցին տվյալ առաջարկությանը: