Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սմբատ Այվազյանի դատավճիռը

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության
դատարանի վճիռը, որով «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ,
Հայաստանի պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը դատապարտվել է 2 տարվա
ազատազրկման եւ 300 հազար դրամ (մոտ 1000 դոլար) տուգանքի:



Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը անցած
տարվա նոյեմբերի 19-ի դատավճռով Սմբատ Այվազյանին մեղավոր է ճանաչել Քրեական
օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով` «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ
նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»,
եւ 316 հոդվածի 1-ին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն
գործադրելը»:



Վերաքննիչ բողոքը բերվել էր Սմբատ Այվազյանի շահերի պաշտպաններ Լուսինե Սահակյանի
եւ Երվանդ Վարոսյանի կողմից:



Դատական նիստը նախագահող դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը, ազդարարելով վճիռը՝ «որ
ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը հիմնավորված է եւ պատճառաբանված,
պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքում բերված փաստարկները հիմք չեն կայացված
դատավճիռը բեկանելու», այնուհետեւ կարդաց Սմբատ Այվազյանի գրությունը, որով վերջինս
հրաժարվել էր ներկա գտնվել դատավճռի հրապարակմանը:



Դատավճռի հրապարակման կեսից նիստին ներկա գտնվողները լքեցին դատարանի դահլիճը:



Պաշտպան Լուսինե Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց,
որ դատավորները ճնշումների ազդեցության տակ են:



«Միանշանակ բողոքարկելու ենք, ոչ թե նրա համար, որ հույս ունենք, թե Վճռաբեկ
դատարանը պետք է իր ակտը կայացնեի օրինականության սահմաններում, այլ որովհետեւ
ներպետական ատյանները սպառելու խնդիր ունենք», - ասաց Սահակյանը: