ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատարաններում կդիմավորեն զինված կարգադրիչներ
Մոտ ժամանակներս դատարաններում մեզ կդիմավորեն զինված դատական կարգադրիչներ, եթե ԱԺ-ն հաստատի կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
«Ինչպե՞ս կարելի է դատական համակարգում ուժային մարմին ստեղծել»,- այսօրվա ԱԺ-նիստում մոտ 2 ժամ տարբեր հարցադրումների միջոցով փորձում էին պարզել «Ժառանգություն» կուսակցության անդամները: Վիճահարույց էր նախագծի վերաբերյալ կառավարության ներկայացրած հիմնավորումները. «ՀՀ-ում երբեւէ տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ կալանքի տակ գտնվող անձանց կողմից փախուստի դիմելու փորձերը եւ դատարանի վրա հարձակումները դրսեւորվում են հրազենի օգտագործմամբ»:
Նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանից «Ժառանգության» անդամներն այսօր այդպես էլ չկարողացան պարզել, թե արդյոք եղել են նման դեպքեր, որոնք նրանք հաշվի են առել նման հիմնավորման համար: «Այս նախաձեռնությունն ուղղված է ապագային: Փաստորեն մարդկանց մի մեծ հատված իրավունք է ստանում զենք կրելու եւ ոչ մի երաշխիք այդ մարդկանց հավասարակշիռ լինելու մասին»,- ասաց «Ժառանգության» անդամ Վարդան Խաչատրյանը: Ի տարբերություն նախարարի` նա բերեց օրինակներ, երբ անհավասարակշիռ մարդիկ զենք են կիրառել` նկատի ունենալով Գագիկ եւ Վարդան Ջանգիրյաններին բերման ենթարկելու գործընթացը, երբ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող ոստիկանը զենք է կիրառել:
Դատական կարգադրիչների զենք տրամադրելուն ԱԺ-ում դեմ է միայն «Ժառանգությունը»` հիմք ընդունելով վերջին շրջանում հանրապետությունում դատավարությունների ընթացքում բախումները: Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ վերջին շրջանում դեպքեր են արձանագրվել, երբ դատարաններում կարգադրիչները հրահանգ են ստացել եւ հարձակվել լրագրողների կամ գործով անցնողների հարազատների վրա, օրինակ` լրագրողներ Գագիկ Շամշյանի եւ Գոհար Վեզիրյանի. «Ի՞նչ Է նշանակում այս փոփոխությունը: Եթե կարգադրիչները զենք ունենային, որեւէ երաշխիք չկա, որ նրանք բացի ծեծելուց, հրմշտելուց նաեւ չէին կրակի»:
Լարիսա Ալավերդյանի կարծիքով` կառավարության տրամաբանությամբ առաջ շարժվելու դեպքում պետք է զինել ոչ միայն դատական համակարգը, այլեւ բոլոր այլ մարմինները:
«Ես չեմ հասկանում դատական համակարգի արյունը կապո՞ւյտ է, իսկ մյուսներինը` ո՞չ»,- ասաց տիկին Ալավերդյանը` նշելով, որ այս փոփոխությունը չի ավարտվում միայն կարգադրիչներին զենք տրամադրելով:
Բացի «ժառանգությունից» Աժ-ում այս նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ Գալուստ Սահակյանը.»Նույն տրամադրությամբ կարող եք ասել, ստուգեք պատգամավորների հոգեկան վիճակը, կարող են զենքը վերցնել եւ կրակել»: «Ժառանգության» անդամները տեղից նկատեցին, որ Սահակյանի տեսակետը տրամաբանական է: Աժ պետաիրավական հարցերի հաձնաժողովը կառավարություն նախագիծը արժանացրել է հավանության եւ անկախ «Ժառանգության» տեսակետից այսօր արդեն կարելի է ասել, որ այս փոփոխությունը կընդունվի եւ դատական կարգադրիչները կզինվեն: Աժ-ն շարունակում է իր աշխատանքը: Քննարկվում է կառավարության ներկայացրած փաթեթի` «ՀՀ Քր. դատ. օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծը:
