ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նոր փոփոխությամբ` դատական նիստերը կարելի է անցկացնել առանց ամբաստանյալների
Ազգային ժողովում այսօր պատգամավորների քննարկմանն է ներկայացվել իրավական փաստաթղթերի մի փաթեթ, ըստ որի, եթե դատավարության ժամանակ ամբաստանյալը խոչընդոտում է դատական նիստի բնականոն ընթացքը կամ չի կատարում դատավորի կարգադրությունները, ապա դատավորն իրավունք ունի ամբաստանյալին հեռացնել դատական նիստից և այն շարունակել վերջինի բացակայության պայմաններում: ՀՀ արդարդատության նախարար Գևորգ Դանիելյանը, ով ԱԺ-ում ներկայացնում է օրինագծերի փաթեթը, նշեց, որ այդ դրույթը, որն ընդունված է բոլոր երկրներում, ժամանակին գործել է նաև Հայաստանում, բայց հետագայում փոխվել է:
Նրա ներկայացմամբ` այս փոփոխության արդյունքում փոխվում է նաև մեկ այլ դրույթ, ըստ որի, եթե ամբաստանյալը հեռացվում է դատական նիստից, ապա այդ հեռացված լինելու ընթացքը չի հաշվարկվում ազատազրկման ժամկետի մեջ: «Սա բացարձակապես ընդունելի չի համարվում միջազգային չափանիշներով: Ենթադրվում է, որ այդ ժամկետը ևս պետք է հաշվարկվի ազատազրկման ժամկետի մեջ: Հաշվի առնելով, որ սա միանշանակ անձի վիճակը մեղմացնող հանգամանք է, այն պետք է հետադարձ ուժ ունենա»,- նշեց Գ. Դանիելյանը, հավելելով, որ ամբաստանյալին դատական նիստից հեռացնելու պարագայում նրա պաշտպանը պարտադիր պետք է մասնակցի դատավարությանը:
Հարցին, թե ի՞նչ է նախատեսվում այն դեպքում, երբ պաշտպանը նույնպես չի ցանկանում մասնացել դատական նիստին, արդարադատության նախարարը պատասխանեց, որ այդ դեպքում դատարանն իրավունք ունի ինքը նշանակել դատապաշտպան, որպեսզի հնարավոր լինի շարունակել դատավարությունը:
Գ. Դանիելյանի ներկայացմամբ` դատական նիստից հեռացված ամբաստանյալն իրավունք ունի ներկա գտնվել դատավճռի հրապարակմանը, սակայն եթե այդ դեպքում էլ է խախտում կարգը, ապա դատավորը կարող է նրան հեռացնել նաև դատավճռի հրապարակման ժամանակ, բայց պայմանով, որ դատավճռի հրապարակումից անմիջապես հետո այն պետք է հանձնվի ամբաստանյալին, որից հետո միայն սկսում է հաշվարկվել պատժաչափը:
ԲՀԿ-ական պարգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե այս փոփոխությունների նախաձեռնումը որքանո՞վ է կապված «7-ի գործի» հետ, նախարարն արձագանքեց, որ թեև այդ դրույթը կարող է տարածվել նաև այդ գործով անցնող մեղադրյալների վրա, սակայն դա ընդամենը զուգադիպություն է, քանի որ այդ փոփոխությունները նախաձեռնվել են 5 ամիս առաջ և այդ ժամանակ «որևէ մեկի մտքով չէր անցնում, որ դա կարելի է օգտագործել քաղաքական նկատառումներով»:
