Սպանվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանը

Ըստ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությանը, փետրվարի 3-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկի իր բնակարանի մուտքի մոտ հրազենից արձակված կրակոցներով սպանվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Մհերյանը: Դեպքի վայր են ժամանել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը: Շտապ բուժօգնության բրիգադը տեղում արձանագրել է, որ Գ. Մհերյանը մահացել է գլխին և մարմնին ստացած` կյանքի համար անհամատեղելի հրազենային վնասվածքներից: Փորձագետների կողմից դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի ութ պարկուճ: Արձակված գնդակներից երեքը դիպել է Գ. Մհերյանի գլխին, մեկը` մարմնին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու և նրան հայտնաբերելու համար: Քննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը: