ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խորհրդարանը շարունակում է քննարկել դատաիրավական ոլորտում առաջարկվող փոփոխությունները
Ազգային ժողովի նիստում արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ ներկայացրեց կեսօրին առաջին ընթերցմամբ ընդունված` Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Օրինագիծը պատգամավորներին էր ներկայացվում երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար:
Առաջին ընթերցմամբ ընդունված փաթեթի նորամուծություններից մեկի համաձայն, հստակեցվում էր դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքում ամբաստանյալին դատարանի դահլիճից հեռացնելու կարգը: Մասնավորապես, օրինագիծը հնարավորություն էր ստեղծում դատական սանկցիա կիրառելուց եւ ամբաստանյալին դահլիճից հեռացնելուց հետո դատական նիստը շարունակել առանց վերջինիս ներկայության:
Արդարադատության նախարարը իր ելույթում մտահոգություն հայտնեց, որ օրինագծի ներկա ընթերցմամբ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ երկարատեւ դատաքննության դեպքում «ամբաստանյալն ընդհանրապես կարող է զրկվել դատաքննությանը մասնակցելու հնարավորությունից»:
«Այդ իսկ նկատառումով առաջարկել ենք, որպեսզի առավելագույն ժամկետը լինի մինչեւ 10 օր, իսկ ինչպես գիտեք՝ գործող օրենսդրությամբ, մասնավորապես, Դատական օրենսգրքի 63-րդ հոդվածով եւ Քրեական դատավարության օրենսգրքի 314.1 պրիմ հոդվածով այդ ժամկետը 14 օր է: Բացի այդ, եթե ամբաստանյալը հրաժարվում է իր պաշտպանից, ապա նոր պաշտպան նշանակելը դառնում է ոչ թե դատավորի հայեցողական իրավունքը, այլ պարտականությունը՝ չընդունելու այդ հրաժարումը եւ նշանակելու նոր պաշտպան կամ պահպանելու արդեն իսկ նշանակված պաշտպանի լիազորությունները»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ քննադատելով օրինագիծը, որը հնարավորություն է ստեղծում դատաքննություն անցկացնել առանց մեղադրյալի ներկայության:
«Այս վատ նախադեպը՝ առանց ամբաստանյալների դատաքննություն անցկացնելը, ոչ միայն վերաբերելու է «7-ի գործով» դատաքննությանը, այլ՝ վաղը, մյուս օրը նման ապօրինությունները շարունակվելու են, եւ այն իշխանությունը, որը այսօր ներկայացված է, կարող է զոհ դառնալ նման ապօրինությունների», - հայտարարեց Փոստանջյանը:
