ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վճռաբեկ դատարանը մերժեց «Ա1+»-ի բողոքները
Վճռաբեկ դատարանը երեկ մերժել է «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի 2 բողոքները՝
բեկանելու Վճռաբեկ դատարանի 2004թ. ապրիլի 23-ի եւ 2004թ. փետրվարի 27-ի վճիռները:
«Մելտեքս» ընկերությունը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ նոր հանգամանքների ի հայտ գալու
հիմնավորմամբ, իսկ նոր հանգամանքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն էր:
Ի՞նչ հիմքերով Վճռաբեկ դատարանը մերժեց «Ա1+»-ի բողոքները՝ պարզ չդարձավ: Դատարանի
նախագահ Արման Մկրտումյանը «Ա1+»-ի ներկայացուցիչներին հայտնել է, որ կարող են
հիմքերը գտնել Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասում, որը երեկ չի
հրապարակվել: «Դատարանի նախագահը հրապարակեց միայն որոշման եզրափակիչ մասը եւ
հիշեցրեց, որ ԵԽ Նախարարների կոմիտեն Հայաստանին հանձնարարել է փոփոխել «Հեռուստատեսության
եւ ռադիոյի» մասին օրենքը, որպեսզի ՀՌԱՀ-ի որոշումներն այսուհետ լինեն
պատճառաբանված»,- ասել է դատարանում «Ա1+»-ի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:
«Ա1+»-ի մյուս ներկայացուցիչը՝ Արա Ղազարյանը, Երեւանի Մամուլի ակումբին հայտնել է,
որ Վճռաբեկ դատարանն իրենց դիմումների մերժումը հիմնավորել է նրանով, որ նախկին
դատական որոշումները կայացվել են 2004 թվականին Հայաստանի գործող օրենսդրությանը
համապատասխան եւ ենթակա չեն վերանայման:
Ըստ «Ա1+»-ի՝ փաստն այն է, որ այսօր ե՛ւ ՄԻԵԴ-ը, ե՛ւ Վճռաբեկ դատարանը գտնում են,
որ հեռուստաընկերության իրավունքները ոտնահարել է ՀՌԱՀ-ը: Նախորդ նիստում Վճռաբեկ
դատարանի նախագահն «Ա1+»-ի ներկայացուցիչներին ասում էր, որ դիմել են «ոչ ճիշտ»
հասցեով: «Եթե Վճռաբեկ դատարանը հարուցել է վերանայման վարույթ՝ նշանակում է, որ
մենք դիմել ենք ճիշտ հասցեով: Այո՛, «Ա1+»-ի իրավունքները խախտել է ՀՌԱՀ-ը, եւ այդ
իրավունքները վերականգնելու միակ վայրը դատարանն է»,- ասել է Արտակ Զեյնալյանը:
«Ա1+»-ն իր ոտնահարված իրավունքների վերականգնումը կշարունակի իրավական դաշտում,
սակայն քանի դեռ ձեռքի տակ չունի Վճռաբեկ դատարանի որոշումների հիմնավորումները,
հետագա քայլերի մասին խոսելը վաղ է: Վճռաբեկ դատարանի որոշումը՝ «Մելտեքս»
ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի կարծիքով, միայն մեկ մեկնաբանություն ունի.
«Դա նշանակում է, որ բոլորն ընդունում են, թե «Ա1+»-ի իրավունքները բազմիցս խախտվել
են ՀՌԱՀ-ի կողմից, եւ ժամանակին դա չեն կանգնեցրել մեր դատական ատյանները, հակառակ
դեպքում գործը չէր հասնի Եվրոպական դատարան: Այսօր նրանք, աչք փակելով իրենց
վճիռների եւ ՀՌԱՀ-ի վրա, քավության նոխազ են դարձնում օրենքը: Այսինքն՝ նրանք ասում
են, որ օրենքը կփոխեն եւ սրանից հետո այլեւս մրցույթի մասնակիցների իրավունքները
չեն խախտի: Այսինքն՝ այն, ինչ կատարվել է «Ա1+»-ի հետ՝ օյին չէ՞ր «քեռի ջան, Եվրոպա»,
իսկ հիմա նոր կանոններով ենք խաղում: Այդպես երկիր չեն կառուցում: Սա անհեռատես
մտածողություն է, որով իշխանությունները շարունակում են վարկաբեկել մեր երկիրը:
«Ա1+»-ը, ուշ, թե շուտ, վերականգնելու է իր ոտնահարված իրավունքները, իսկ երկրի
հեղինակությունը վերականգնել շատ դժվար է լինելու»:
