ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Մարտի 1-ի» ԱԺ հանձնաժողովը կաշխատի մինչեվ սեպտեմբերի 15-ը. Երկարաձգումը խրոնիկ բնո՞ւյթ է ստանում
Այսօր Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց մարտի 1-2-ի դեպքերի և դրանց պատճառների ուսումնասիրությամբ զբաղվող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունների վերջնաժամկետը փետրվարի 25-ից մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգելու հարցը:
Հարցը խորհրդարանում ներկայացրեց հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով «մարտի 1-ի» հանձնաժողովի անդամ չէ: Նրա խոսքով, հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու պատճաներից մեկն այն է, որ նախագահի հրամանագրով ստեղծված փաստահավաք խումբը դեռ չի ավարտել իր աշխատանքը և զեկույց չի ներկայացրել «մարտի 1-ի» ԱԺ հանձնաժողովին: Երկրորդ պատճառն, ըստ նրա, այն է, որ դեռ շատ հարցերի պատասխաններ, դեպքերի շատ հանգամանքներ պարզված չեն, մասնավորապես մարտի 1-ին տեղի ունեցած 10 սպանությունների հեղինակներին բացահայտելու հետ կապված: Իսկ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 15-ը, քանի որ սեպտեմբերին սկսվում է հերթական նստաշրջանը, որի առաջին քառօրյայում հնարավոր կլինի ներկայացնել հանձնաժողովի զեկույցը:
Հարցին, թե ինչո՞ւ է հարցը ներկայացվում ոչ հանձնաժողովի անդամի կողմից, Ս. Ավետիսյանը պատասխանեց, որ հանձնաժողովի նիստերը բաց են եղել, բոլոր ցանկացողները մասնակցել են, այդ թվում նաև հանրապետական խմբակցության պատգամավորները և դա հնարավորություն է տվել, որ հարցը ներկայացնի որևէ այլ պատգամավոր:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն իր ելույթում նշեց, որ իրենք հանձնաժողովի աշխատանքը դրական են գնահատում իսկ ժամկետի երկարաձգումը որևէ քաղաքական ենթատեքստ չունի և կապված է միայն աշխատանքները չավարտելու հետ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն իր հերթին նշեց, որ եթե հանձնաժողովի աշխատանքի ավարտը կապվում է փաստահավաք խմբի աշխատանքի ավարտի հետ, ապա այդ հետաձգումները կարող են խրոնիկ բնույթ ստանալ, քանի որ փաստահավաք խմբի գործունեության համար ժամկետ ընդհանրապես նշանակված չէ և ոչ ոք չի կարող ասել, թե երբ այն կավարտի իր աշխատանքը:
