«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը դեմ ելույթ կունենա «Սևանի մասին» օրենքում ուղղումներ մտցնելու փորձերին

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը դեմ ելույթ կունենա «Սևանի մասին» օրենքում ուղղումներ մտցնելու փորձերին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Անահիտ Բախշյանը` մեկնաբանելով օրենսդրական փոփոխությունների հնարավորությունը, որոնք GeoProMining ընկերությանը հնարավորություն կտան Սևանի ավազանի շրջանում հարստացման գործարան կառուցել: «Օրենքում կատարվող փոփոխությունները չպետք է Սևանի դեմ ուղղված լինեն»,- ընդգծել է նա:

Նշենք, որ այսօր Ա.Բախշյանը մասնակցել է հայ էկոլոգների կազմակերպած ակցիային, որն ուղղված էր GeoProMining-ի «Սևանական» ախորժակների դեմ: Ակցիայի ընթացքում պատգամավորը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի խոսքերը կասկածի է ենթարկել. նախարարն ասել է, որ GPM ընկերությունը նախարարություն չի ներկայացրել գործարանի կառուցման նախագիծը, ինչպես նաև չի դիմել պետական էկոլոգիական փորձագիտություն անցկացնելու խնդրանքով: Նա նաև նախարարությանը կոչ է արել ոչ թե խոսքերով, այլ ուրիշ մեթոդներով համոզել հասարակությանն այն բանում, որ գործարանի կառուցման նախագիծն իրոք բացակայում է: Ա.Բախշյանը նաև հույս է հայտնել, որ բողոքի այդպիսի ակցիան կառավարության վրա սթափեցուցիչ աղզդեցություն կունենա: