ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը կարծես թե հայաստանից գոհ է, սակայն ուշադրությունը չի նվազելու
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ քննարկել է Հայաստանի կողմից ԵԽԽՎ-ի 1643 բանաձևի կատարման ընթացքը: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունել է Հայաստանում իրականացված օրենսդրական բարեփոխումները` կարևորելով օրենքի կիրառման հետագա ընթացքը:
«Ողջունվեցին օրենսդրական փափոխությունները` հաշվի առնելով նաև Վենետիկի հանձնաժողովի դրական որոշումը: Միաժամանակ, կարևորվեց օրենքի կիրառումը, հաշվի առնելով, որ օրենքը դեռևս գործադրված չէ, թեև ուժի մեջ է, շարունակվելու է Մոնիտորինգի հանձնաժողովի ուշադրություն կենտրոնում լինել օրենքի կիրառման հետագա ընթացքը», - ասաց Դավիթ Հարությունյանը:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի կարծիքով, մինչև Վեհաժողովի ապրիլյան նստաշրջանի սկիզբը Հայաստանի Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածներում կատարված փոփոխությունների գործադրման որոշակի արդյունքներ կլինեն, որոնցից կախված` հանձնաժողովը անդրադարձ կկատարի Հայաստանի հարցին: Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, Մոնիտորինգի հանձնաժողովում քննարկման թեմա են եղել նաև Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցների գործունեության առնչությամբ այս պահին իրականացվող փոփոխությունները` մասնավորապես, կարգավորիչ մարմնի ձևավորման հետ կապված առաջարկությունները, որոնք հնչեցվել են Եվրոպայի խորհրդի փորձագետների կողմից:
Քննարկման առարկա են եղել նաև Երևանի ավագանու և քաղաքապետի առաջիկա ընտրությունները: «Ողջունեցին, որ ընտրությունները իրականացվում են քաղաքական բազմակարծության պայմաններում, մասնավորապես, հաշվի առնելով նաև առաջադրված թեկնածությունները և այն, որ կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները որոշում են կայացրել առանձին ցուցակներով ներկայանալ այդ ընտրություններին», - ասել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ հունվարյան նստաշրջանից առաջ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի դեկտեմբերի 17-ին կայացած նիստում որոշում էր ընդունվել առաջարկել Վեհաժողովին զրկել Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից, սակայն հունվարյան նստաշրջանում նման որոշում չկայացվեց: Փոխարենը հունվարի 27-ին ընդունվեց Հայաստանին վերաբերող թվով երրորդ` 1643 բանաձևը, որտեղ չնայած արձանագրված որոշ առաջընթացին, նշվում էր, որ ԵԽԽՎ-ն «դեռևս դժգոհ է և մտահոգված» 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված ազատազրկման մեջ հայտնված մարդկանց վիճակով, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով մեղադրված կամ դատապարտված մարդկանցով»:
Նույն բանաձևում ընդգծվում է նաև, որ ԵԽԽՎ-ն «Մոնիտորինգի հանձնաժողովին հրավիրում է ուսումնասիրել այս և նախկին բանաձևերի (1609 և 1920) իրականացման ընթացքը» և այդ առնչությամբ առաջարկներ ներկայացնել մինչև 2009թ. ապրիլյան նստաշրջանը:
ԵԽԽՎ Մոնիտորինգի նիստին հայկական կողմից մասնակցում են Հայաստանի պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը, անդամներ Արմեն Ռուստամյանը, Ավետ Ադոնցը և Րաֆֆի Հովհաննիսյանը:
