ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
7 տարի առաջ «Ա1+»-ը զրկվեց եթերից
Ուղիղ 7 տարի առաջ` ապրիլի 2-ին "Ա1+"-ը զրկվեց եթերից: Այդ պահից սկսած մնացած
բոլոր հեռուստաընկերությունների գլխին դամոկլյան սրի նման կախվեց "Ա1+"-ի
ճակատագրին արժանանալու վախը: Ու արդեն 7 տարի հեռուստաեթերում ապրում է "վախը":
"Այսօրվա մեր ղեկավարության համար հարցը` թույլ չտալու ՀՀ լրատվամիջոցների
շուկայում գոյություն ունենալ անկախ եւ իշխանությունների կողմից չվերահսկվող
հեռուստաընկերություն, մնում է սկզբունքային, եւ սկզբունքային լինելով այն ավելի
մեծ կշիռ ունի, քան միջազգային կառույցներին, միջազգային գործընկերներին դուր գալու
ցանկությունը",- "Ա1+"-ի հետ զրույցում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս
Նավասարդյանը:
Նա համոզված է, որ մինչեւ այդ սկզբունքային հարցի մոտեցումը չփոխվի` որեւէ ճնշում,
եվրոպական դատարանի կողմից վճիռ, դիտորդների եզրակացություններ, բանաձեւեր չեն
կարող Հայաստանում գործնականում փոխել իրավիճակը:
"Այսինքն, քաղաքական, հասարակական ճնշումը երկրի ներսում էլ պետք է այնքան հզոր
դառնա, որպեսզի իշխանությունները հասկանան, որ պիտի այդ սկզբունքային մոտեցումից
հրաժարվեն: Առայժմ այդ պահը չի եկել ցավոք",-ասաց նա:
"Ա1+"-ի եթերազրկումը, ըստ Բորիս Նավասարդյանի, հսկայական բացասական ազդեցություն է
ունեցել հեռուստաեթերի վրա: "Գոնե մեկ հեռուստաընկերության առկայությունը եթերում,
որը ցանկանում է լուսաբանել այնպիսի մութ անկյուններ, այնպիսի երեւույթներ, որոնք
ձեռնտու չեն իշխանություններին, ստիպում է նաեւ այլ հեռուստաընկերությունների ավելի
ակտիվ լինել քաղաքական ինֆորմացիայի տարածման առումով, բայց երբ այդպիսի խրախուսող,
քաջալերող գործոն գոյություն չունի, մնացածը վերահսկելի են դառնում եւ ավելի
հարմարվող: Այդ առումով քաղաքական ինֆորմացիայի որակը մեր եթերում ամեն տարի իջնում
է, եւ այսօր մենք ունենք որեւէ քննադատությանը չդիմացող լուսաբանում մեր եթերում եւ
որակի, եւ տեսականի առումով":
