Օբաման չօգտագործեց «ցեղասպանություն» բառը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախօրեին հանդես է եկել ապրիլքսանչորսյան ավանդական
ուղերձով` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ԱՄՆ-ի նախագահն ուղերձում հայտարարել է, որ ինքն այս ցավալի իրադարձությունների
վերաբերյալ նախկինում ունեցել է իր կարծիքը, և այն չի փոխվել: Ինչ վերաբերում է
տեղի ունեցածը բնութագրելուն, ապա նախագահ Օբաման օգտագործել է «Մեծ Եղեռն» (անգլերեն
բնօրինակում` Meds Yeghern) տերմինը: Ընդ որում` երկու անգամ:

Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ-ի նախագահի ուղերձի ամբողջական տեքստը (բնօրինակին
կարող եք ծանոթանալ այստեղ`

http://www.whitehouse.gov/the_press_office/Statement-of-President-Barack-Obama-on-Armenian-Remembrance-Day/
)

«94 տարի առաջ իրագործվեց 20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկը: Ամեն
տարի մենք մի պահ կանգ ենք առնում` հիշելու 1,5 միլիոն հայերին, ովքեր սպանդի են
ենթարկվել կամ իրենց մահն են գտել Օսմանյան կայսրության վերջին օրերին:

Մեծ Եղեռնը պետք է ապրի մեր հիշողության մեջ, ինչպես այն ապրում է հայ մարդկանց
սրտերում:

Պատմությունը, եթե այն չի գտել իր լուծումը, կարող է ծանր բեռ լինել: Մինչդեռ
1915թ. զարհուրելի իրադարձությունները մեզ հիշեցնում են այն դաժան տեսարանները, երբ
մարդը կարող է անմարդկային լինել մեկ այլ մարդու նկատմամբ, անցյալի հետ հաշվի
նստելու փաստը հաշտեցման մեծ հույս է ներշնչում: Ես հետևողականորեն պնդել եմ իմ
կարծիքը 1915թ. տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, և իմ կարծիքը տվյալ
իրադարձությունների վերաբեյալ չի փոխվել: Ես հետաքրքրված եմ փաստերի լիարժեք, ազնիվ
և արդար ճանաչման մեջ:

Տվյալ նպատակին հասնելու համար լավագույն միջոցն այն է, որ հայ և թուրք
ժողովուրդները, որպես առաջխաղացմանն ուղղված իրենց ջանքերի մի մաս, պետք է դիմեն
անցյալի փաստերին: Ես լիովին սատարում եմ հայերի և թուրքերի` ցավալի պատմության
միջով անցնելու ջանքերը, անցնելու մի ճանապարհով, որն ազնիվ է, բաց և կառուցողական:

Հենց այդ նպատակով է հայ և թուրք ժողովուրդների միջև, ինչպես նաև Թուրքիայում
սկսվել համարձակ և կարևոր մի երկխոսություն: Ես նաև լիովին սատարում եմ Հայաստանի և
Թուրքիայի ջանքերը` ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը: Շվեյցարիայի
միջնորդությամբ երկու երկրների կառավարությունները բանակցությունների ձևաչափի և
ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնության եկան: Ես ողջունում եմ այս առաջընթացը և
կոչ եմ անում նրանց իրականություն դարձնել փաստաթղթում ամրագրված խոստումը:

Հայաստանը և Թուրքիան միասին կարող են դարբնել այնպիսի հարաբերություններ, որոնք
իրենց բնույթով կլինեն խաղաղ, արդյունավետ և բարգավաճ: Եվ միասին` հայ և թուրք
ժողովուրդները կլինեն ավելի ուժեղ, քանզի կընդունեն իրենց ընդհանուր պատմությունը և
կգիտակցեն, որ միևնույն մարդկային ցեղին են պատկանում:

Ոչինչ չի կարող հետ բերել Մեծ Եղեռնի ընթացքում կորսված կյանքերը: Սակայն վերջին 94
տարիների ընթացքում հայերի կողմից կատարած ներդրումը նրանց տաղանդի, հարաշարժության,
հաստատունության վառ ապացույց է և նախատինք նրանց, ովքեր ցանկացել են ոչնչացնել
հայերին: Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ավելի հարուստ երկիր է դարձել հայկական
ծագում ունեցող բազմաթիվ ամերիկացիների շնորհիվ, ովքեր լուրջ ներդրում են կատարել
մեր հասարակության մեջ և որոնցից շատերն այս երկիր են գաղթել 1915թ. դեպքերից հետո:
Այսօր ես կանգնած եմ նրանց, ինչպես նաև ողջ աշխարհի հայության կողքին` լի
բարեկամության, համերաշխության և խորին հարգանքի զգացումով»: