ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լեւոն Գուլյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության պատճառով երկրորդ անգամ կարճվել է
Ապրիլի 16-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում երկրորդ անգամ կարճվել է քաղաքացի Լեւոն Գուլյանի մահվան փաստով հարուցված գործը` հանցակազմի բացակայության պատճառով: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գործը քննած ՀՔԾ-ի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Գաբրիել Պետրոսյանը:
Ըստ նրա, ՀՀ Ոստիկանության վարչական շենքում Լ.Գուլյանի մահվան պաշտոնական վարկածը` փախուստի դիմելիս վայր է ընկել եւ ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, հաստատվում է ապացույցներով: Մասնավորապես, քննիչը հիշատակեց եվրոպացի փորձագետների եզրակացությունում նշված հղումը` «տիպիկ պաշտպանողական վնասվածքներ չկան», ինչը նշանակում է, որ Լ.Գուլյանը ծեծի չի ենթարկվել: Քննիչն ընդգծեց, որ հնարավորություն է տվել տուժող կողմին հարցեր ուղղել փորձագետներին, վկաներին, ոստիկանության պաշտոնատար անձանց: Տուժող կողմի խնդրանքով ժամանակ է տրամադրվել արտերկրից քննչական փորձարարության համար մանեկեն բերելու համար, ինչը, սակայն, տուժող կողմը չի արել: Նշելով, որ գործը անհարկի քաղաքականացվում է, Գ.Պետրոսյանը հայտնեց, որ ըստ ամենայնի տուժող կողմը կբողոքարկի գործը կարճելու որոշումը:
Հիշեցնենք, որ Լ.Գուլյանը մահացել է ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության վարչության շենքում 2007թ.-ի մայիսի 12-ին` չպարզված հանգամանքներում: Լ.Գուլյանի մահվան փաստով գործը նախ քննվել է Երեւանի դատախազությունում, իսկ ՀՀ Հատուկ քննչական ծառայության ստեղծումից հետո փոխանցվել է այդ մարմնի քննությանը: Հատուկ քննչական ծառայության քննիչ Գ.Պետրոսյանը 2008թ.-ի մարտի 12-ին որոշում է կայացրել քրեական գործը կարճելու մասին` հանցակազմի բացակայության պատճառով: Իսկ հունիսի 6-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել գործի կարճման որոշումը վերացնելու եւ գործի վարույթը վերսկսելու մասին:
