Մոռացել են հաշմանդամ ընտրազանգվածին

Երեւանի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ոչ մի կուսակցության նախընտրական ծրագիր հարմարեցված չէ հաշմանադամներին: Այսպիսի կարծիք ունեն հաշմանդամության խնդիրներով զբաղվող Երեւանի 15 ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք այսօր քննարկման էին հրավիրել քաղաքապետի ընտրություններին մասնակցող բոլոր ներկայացուցիչներին:

"Իմ կյանքը մատչելիության առումով չի փոխվել վերջին տարիներին: Կան թեքահարթակներ մեկ-երկու ժամանցային վայրերում եւ հյուրանոցներում, սակայն անգամ այնտեղ սանհանգույցը հարմարեցված չէ: Կուսակցությունների ծրագրերում մակերեսային ինչ-որ բառեր կան հիմնախնդրին վերաբերվող, սակայն ոչ մի խորքային մոտեցում, ոչ մի երաշխիքներ",-"Ա1+"-ի հետ զրույցում ասաց "Ունիսոն" հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը: Նա նշում է, որ 2008թ նախագահական ընտրություններին, երբ ԿԸՀ դիմեցին հաշմանդամություն ունեցող մարդկանց համար քվերակության պայմաններ ապահովելու համար, աբսուրդային պատասխան ստացան` թե չկան այդպիսի քվեարկողներ: "Այսօր այդ շեմը հաղթահարել են, սակայն կրկին ոչ մի լուրջ մոտեցում",-ասաց նա:

"Աստղիկ" հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիայի նախագահ Լեւոն Ներսիսյանն էլ նշում է, որ գոնե իրենց շահերի համար կուսակցությունները պետք է մտածեին հաշմանդամ մարդկանց մասին: "Չկան սուրդոթարգմանություններ, ձայնագրություններ, ոչ ոք չի խոսում այս մասին, կարծես իսպառ վերացել են հաշմանդամները",-ասաց նա եւ նշեց, որ միայն Երեւանում բնակվող հաշմանդամ մարդիկ լուրջ էլեկտորատ են: Նշենք, որ Երեւանում հատուկ կարիքներ ունեցող 59.700 մարդ է բնակվում:

Քննարկմանը ներկա էր ՀԱՍԿ-ի նախագահ, քաղաքապետի թեկնածու Մովսես Շահվերդյանը: Նա "Ա1+"-ի հետ զրույցում նշեց, որ իրենց նախընտրական ծրագրի սոցիալական հատվածում մեծ տեղ է հատկացված "բոլորի համար մատչելի Երեւանին": Իսկ կուսակցության համամասնական ցուցակում 29-րդ տեղը զբաղեցնող, հաշմանդամ Դավիթ Վարդանյանը ասաց, որ նախընտրական ցուցակը կազմելիս ինքը ակտիվ մասնակվություն է ունեցել եւ իրեն ու իրենց կուսակցությանը քաջ հայտնի են ոլորտի խնդիրները:

"Այս քննարկումը ցույց է տալիս` ինչպես օրենքները պրակտիկայում չեն գործում եւ պարզ է, որ կա մի ստվար զանգվածի դժգոհություն: Սա միայն առանձին կուսակցությունների խնդիրը չէ",-ասաց Աժ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

ՕԵԿ-ական Հենրիկ Բակունցն էլ խոսեց ոլորտում առկա խնդիրներից բուժօգնության տեսանկյունից: Բժշկագիտության դոկտորը, որը ավագանու թեկնածու է, պատմեց, որ երբ իրենց հիվանդանոց հաշմանդամություն ունեցող մարդիկ են ընդունվում, լրացուցիչ բարդություն է առաջանում նրանց բուժումը ապահովելու համար:Հիվանդանոցը չունի անհրաժեշտ սարքավորումներ այդպիսի հիվանդների համար: Քննարկմանը նաեւ հաշմանդամների խնդիրների վերաբերյալ Երեւանի անհարմարվողականության մասին ֆիլմ ցուցադրվեց, ինչպես նաեւ ողջ քննարկումը տեսաձայնագրվեց` ընտրություններից հետո կուսակցությունների ներկայացուցիչներին իրենց խոստումների մասին հիշեցնելու համար:

Ա1+