ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Եթե Եվրախորհուրդն էլ ոչինչ չանի, ուրեմն մենք կործանված մարդիկ ենք»
Մարտի 1-ի զոհերի հարազատները՝ Գոռ Քլոյանի, Դավիթ Պետրոսյանի, Սամվել Հարությունյանի և Տիգրան Խաչատրյանի ծնողները երեկ, վաղ առավոտվանից հավաքվել էին ԵԽ գրասենյակի առջև՝ հանդիպելու եռօրյա այցով Հայաստանում գտնվող ԵԽԽՎ համազեկուցողներին : Հանդիպում տեղի չունեցավ։ Գրասենյակի աշխատակիցները տեղեկացրեցին, որ Ջոն Պրեսկոտը և Ժորժ Կոլոմբիեն իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հետ ծրագրված հանդիպումներ են անցկացնում:
Զոհվածների հարազատներն անձամբ էին ուզում ներկայացնել իրենց զավակների սպանությունների բացահայտման գործի ընթացքը՝ ակնկալելով իրենց ձայնը հասու դարձնել միջազգային կառույցներին։ Սակայն զոհերի հարազատներին հաջողվեց միայն նամակ փոխանցել, որով համազեկուցողներին խնդրում էին հանդիպել իրենց հետ: Նրանք պահանջում են ստեղծել նոր փաստահավաք խումբ, որտեղ ընդգրկված կլինեն նաև միջազգային փորձագետներ, քանի որ Փաստահավաք խմբի լուծարումից հետո հույս չունեն, թե քննչական մարմիններն ու ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը կբացահայտեն 10 հոգու սպանության հանգամանքները:
«Եթե Եվրախորհուրդն էլ ոչինչ չանի, ուրեմն մենք կործանված մարդիկ ենք։ Մենք չգիտենք ուր գնանք, ում բողոքենք։ Իշխանությունները մեր մասին մոռացել են», ասում էին ծնողները։
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին կարգադրություն է ստորագրել 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» իր իսկ կարգադրության ուժը կորցրած ճանաչելու մասին։
Փաստահավաք խմբի գոյությունը զոհերի հարազատների համար միակ օղակն էր, որ հույս էր ներշնչում, թե իրենց զավակների գործերը կբացահայտվեն և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Այժմ, նրանք հույս են փայփայում, թե ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում կանդրադառնան իրենց որդիների սպանությունների բացահայտման խնդրին և ըստ այդմ իրենց դիրքորոշումը կարտահայտեն հայաստանյան իշխանությունների նկատմամբ։
«Մենք մեր երեխաներին կորցրել ենք միայն նրա համար, որ գնացել են խաղաղ հանրահավաքի մասնակցելու։։ Արդեն մեկուկես տարի իշխանությունները չեն բացահայտում այս գործերը, փոխարենը՝ ամեն ինչ արեցին, որպեսզի փաստահավաք խումբը լուծարվի», բողոքում էին ծնողները։ Նրանց ակնկալիքը հանդիպումից այն էր, թե ԵԽ համազեկուցողները հետեւողական կլինե՞ն մեկ այլ խմբի ստեղծման հարցում, որը խնդրին ճիշտ լուծում կտա։
«Փաստահավաք խումբը հիմնականում լուծարվել է մի պարզ պատճառով որ իր հայտ է եկել ճշմարտությունը մարտի 1-ի զոհերից մեկի' Համլետ Թադեւոսյանի մահվան կապակցությամբ, եւ նրանք որոշեցին լուծարել, որպեսզի ճշմարտությունը ի հայտ չգա,- համոզված է զոհվածներից Գոռ Քլոյանի հայրը։
Այսօր դեռևս Երևանում գտնվող համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն հանդիպել են արդեն լուծարված փաստահավաք խմբի անդամների հետ՝ մանրամասներ լսելու առաջացած տարաձայնությունների պատճառների վերաբերյալ և առաջարկել հավաքված բոլոր նյութերն ուղարկել մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին։ Հանդիպումից հետո, խմբի անդամ, կոալիցիան ներկայացնող Ռոբերտ Ավագյանը հայտնել է, որ խմբի ղեկավարՎահե Ստեփանյանն արդեն իսկ հավաքված բոլոր նյութերը ուղարկել է Սամվել Նիկոյանի հանձնաժողովին և իրենք այլևս որևէ անելիք չունեն; Սակայն Անդրանիկ Քոչարյանն ու ընդդիմության մյուս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն անհրաժետ համարում են շարունակել փաստահավաք գործունեությունն ու հետևել հանձնաժողովի աշխատանքին։
«Ես չեմ պատկերացնում, թե առանց փաստահավաք խմբի անդամների, հատկապես ընդդիմության ներկայացուցիչների հարցադրումների, ինչպես պետք է այդ հանձնաժողովը կարողանա հետազոտել հավաքված նյութերը։ 2000 էջ, զորամասեր այցելություններ, տասնյակ հարցազրույցներ ու բացատրություններ, որոնք լույս են սփռում որոշ հանգամանքների վրա... Հանձնաժողովի որևէ անդամ առանց մեր հարցադրումների նյութերի վերաբերյալ պատկերացում չի կարող ունենալ, կամ չի հասկացվի, թե այնտեղ ինչ է արվում», ասել է ընդդիմության ներկայացուցիչը ։
Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է նաև,, որ համազեկուցողների հետ հանդիպման ընթացքում հնչել են առաջարկներ փաստահավաք գործունեությանը միջազգային փորձագետներ ներգրավելու մասին։
Համազեկուցողները լսել և արձանագրել են բոլոր առաջարկները, թե ինչպիսին կլինեն արձագանքները, ցույց կտա ժամանակը։
Ժաննա Ալեքսանյան
