ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյան. «Մեկ տարուց ավելի է հալածում են իմ ընտանիքի անդամներին»

Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ինքնակամ ներկայացել է Գլխավոր դատախազություն, որտեղից նրան ոստիկանների ուղղեկցությամբ տեղափոխել են Կենտրոնի ոստիկանություն: Այնտեղ են մեկնել նաև Նիկոլ Փաշինյանի շահերը ներկայացնող երեք փաստաբաններ՝ Արա Զաքարյանը, Տիգրան Աթանեսյանը և Արթուր Գրիգորյանը։ Հարցաքննությունից հետո Փաշինյանին կալանավորել և ուղեկցել են «Երևան քրեակատարողական հիմնարկ»։
Հունիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը տարածել էր հայտարարություն, որով տեղեկացրել էր մինչև հուլիսի 31-ը ընդհատակից դուրս գալու իր որոշման մասին։ Հայտարարության մեջ ասված էր նաև, որ ընդհատակից բանտ տեղափոխվելու իր որոշումը պայմանավորված է «արդյունավետ քաղաքական պայքարը շարունակելու մտահոգությամբ»։ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը ընդհատակում անցկացրել է ավելի քան 1 տարի 3 ամիս։
Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ «Զանգվածային անկարգությունների կազմակերպում», «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» եւ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելն ու անցկացնելը»: Նշված հոդվածները ենթադրում են 4-ից մինչև 10 տարվա ազատազրկում։
Մինչ Նիկոլ Փաշինյանին դատախազության շենքից Կենտրոնի ոստիկանության բաժին տեղափոխելը, նա հասցրել է զրուցել լրագրողների հետ։
«Ինձ շուտով կձերբակալեն, հետո կալանքի սանկցիա կտան, հետո կդատապարտեն հնարավորինս երկար տարիների ազատազրկման», համոզմունք է հայտնել «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիրը։
Նա վստահություն է հայտնել, որ իր այս քայլը «միանշանակ մեր պայքարին նոր շունչ է տալու»։
«Ցանկացած ոստիկան փողոցում կանգնած, երբ որ ինքը տանը մենակ է իր կնոջ և իր երեխաների հետ է, ինքը համոզված է, որ մեր պայքարը արադարացի է։ Դա վերաբերվում է ցանկացած ոստիկանի՝ այդ թվում նաև այն ոստիկաններին, որոնք մարտի 1-ին եղել են գործողությունների թատերաբեմում, այդ թվում նաև այն օպերատիվ աշխատողներին, որոնք մեկ տարուց ավելի հալածում են իմ ընտանիքի անդամներին»,- հայտարարել է Փաշինյանը։ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը լրագրողներին մեկնաբանել է Ն. Փաշինյանին ոստիկանների կողմից կալանքի է վերցվելու հանգամանքը։
«Քանի որ նա գտնվում էր հետախուզման մեջ և կար որոշում կալանք կիրառելու մասին, նա տարվել է ոստիկանություն, ձևակերպվել է, որ կամավոր է ներկայացել։
Հիշեցնենք, որ Հունիսի 19-ին Ազգային ժողովի ընդունած համաներման մասին որոշման համաձայն' պատժից ազատվում են մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ առավելագույնը 5 տարվա ազատազրկման դատապարտվածները:
Համաներումը չի կիրառվում մինչեւ Ազգային ժողովի որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ' «բացառությամբ այն դեպքերի, որոնք մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաuտանի Հանրապետության իրավապահ մարմիններին:
Ժաննա Ալեքսանյան
Լուսանկարը՝ hetq.am կայքից։
