ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊՆԱԽԱՐԱՐԻՆ
Հարգելի պարոն նախարար,
Նման նամակով Ձեզ դիմելու պատճառը հանդիսանում է ՀՀ ՊՆ 75937 զորամասի ժամկետային զինծառայող Աշոտ Ոսկանյանի առողջական վիճակը, որի կապկցությամբ Ձեզ 2008 թվականից բազմաթիվ նամակներ են հղվել:
Նշված նամակները, փաստորեն, ոչ մի արդյունք չեն տվել, Աշոտ Ոսկանյանի առողջական վիճակն ավելի է վատացել և նա ներկայումս հերթական անգամ գտնվում է Վարդենիսի Կայազորային Զինվորական հոսպիտալում:
2008 թվականի մայիսին Աշոտ Ոսկանյանը զորակոչվել է ՀՀ ԶՈՒ 75937 զորամաս' ժամկետային զինվորական ծառայության ՙԾնկոսկրի գերշարժունակություն, խոնդրոմալիացիա ֆունկցիայի աննշան խանգարում՚ ախտորոշմամբ: Բժիշկ-մասնագետները նշված հիվանդության համար առաջարկել են երկու տեսակի բուժում.
1. ֆիզիկական ծանրաբեռնվածություն և բուժական ֆիզկուլտուրա, որը կապահովի ծնկահոդի մկանաջլային ապարատի պնդացումը
2. վիրահատական ջլամկանային պլաստիկա:
Աշոտ Ոսկանյանի հարազատները, այլ կազմակերպություններ Ձեզ բազմաթիվ նամակներ են հղել' զինծառայողի առողջական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար:
Զինվորական ծառայության ընթացքում Աշոտ Ոսկանյանի նկատմամբ կիրառվել է բուժման առաջին տարբերակը, որը սակայն ոչ մի էական արդյունք չի տվել:
2009 թվականի մարտի 26-ին վիրահատել են Աշոտ Ոսկանյանին, կատարվել է աջ ծնկահոդի արթոսկոպիկ ռևիզիա, սանացիա: Ախտորոշվել է ծնկոսկրի խոնդրոմալացիա: Փաստորեն, վիրահատական ջլամկանային պլաստիկա կիրառելու փոխարեն իրականացվել է այլ վիրահատություն, որը որևէ արդյունք չի տվել, ավելին' Աշոտ Ոսկանյանի մոտ ցավերը գնալով ավելի հաճախակի են դարձել:
2009 թ. հունիսի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Փայտյանը գրությամբ Աշոտ Ոսկանյանի մորը տեղեկացրել է, որ 2009 թ. հունիսի
20-ին ՀՀ առաջատար մասնագետներ, ՎՕՎԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր, ակադեմիկոս Վ.Պ. Այվազյանը, Էրեբունի ԲԿ-ի կլինիկայի ղեկավար, Բժշկական համալսարանի օրթոպեդիայի և վնասվածքաբանության ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Ա. Չարչյանի կողմից Ա. Ոսկանյանը հետազոտվել է, ճանաչվել պիտանի ոչ շարային ծառայության համար և տեղափոխվել զինվորական ծառայության: Ընդ որում, Ա. Ոսկանյանի մորը հասցեագրված գրությանը կցված են ռուսերեն լեզվով փաստաթղթեր, որոնց ներքևում Ա. Ոսկանյանը հայերեն գրել է. ՙտեղեկացված եմ, որ առողջականով պիտանի եմ ոչ շարային ծառայության և պարտավոր եմ զորամաս անմիջապես այս պահից հետո՚ և ստորագրել: Նման մոտեցումը ոչ այլ ինչ է, քան ակնհայտ հիվանդ երիտասարդին ստիպողաբար ծառայության ուղարկել, ինչը տվյալ երիտասարդի առողջական վիճակի պարագայում ոչ այլ կերպ, քան խոշտանգում, չի կարելի որակել:
Չնայած բժիշկների ՙմիջամտություններին՚, 2009 թվականի հուլիսի 1-ին, ինչպես հայտնել են Աշոտ Ոսկանյանի հարազատները, նրա ծնկի հատվածում առաջացել են բորբոքային պրոցեսներ, և Աշոտ Ոսկանյանին կրկին տեղափոխել են Վարդենիսի Կայազորային Զինվորական հոսպիտալ:
Վերը շարադրվածը վկայում է, որ չնայած Աշոտ Ոսկանյանի առողջական վիճակի վատթարացմանը, պաշտպանության նախարարությունը ոչ մի հետևություն չի անում և հաշվի չի առնվում զինծառայողի կողմից ծառայության հետագա շարունակման անհնարինությունը: Նման վերաբերմունքը հանդիսանում է դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող և հղի է լուրջ հետևանքներով:
Սույնով պահանջում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից անհապաղ արդյունավետ միջոցներ կիրառել ՀՀ ՊՆ 75937 զորամասի ժամկետային զինծառայող
Ա. Ոսկանյանի առողջական վիճակի բարելավման ուղղությամբ կամ դադարեցնել նրա ծառայությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, ՇՊԱԿ համակարգող Ա. Սաքունց
