ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կկալանավորե՞ն ՀԱԿ ակտիվիստին
Վաղը լրանում է հուլիսի 5-ին ձերբակալված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի ձերբակալության 72 ժամը և ըստ ամենայնի նախաքննական մարմինը խափանման միջոցը կալանք ընտրելու մասին միջնորդությամբ հանդես կգա դատարանում։
Տիգրան Առաքելյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գիվի Հովհաննիսյանն ասում է, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է, սակայն իմանալով մեր դատարանների գործելաոճն ու իշխանություններին ծառայելու հնազանդ կեցվածքը հույսեր չունի, թե Առաքելյանին չեն կալանավորի։
Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝«խուլիգանություն, որը զուգորթվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով», ինչը նախատեսում է նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով տուգանք կամ առավելագույնը 5 տարվա ազատազրկում: Նույն հոդվածով կասկածյալ են ճանաչվել նաեւ հուլիսի 1-ին Երևանի կենտրոնում ծեծկռտուքին մասնակից Առաքելյանի երկու ընկերները' Սահակ Մուրադյանը եւ Հերբերտ Գեւորգյանը։ Վերջիններիս չեն ձերբակալել' անչափահաս լինելու պատճառով. Առաջինի դեպքում ընտրվել է «չհեռանալու մասին ստորագրությունը», իսկ երկրորդի՝ «ծնողի հսկողությանը հանձնելը»:
Փաստաբան Գիվի Հովհաննիսյան ասում է, որ իր պաշտպանյալին ձերբակալել են այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցը առերես հարցաքննության ժամանակ պնդել է, թե իրեն ծեծի ենթարկողներից մեկը եղել է Տիգրան Առաքելյանը։ Փաստաբանն ասում է, որ գործով տուժող ճանաչված ոստիկան Էրիկ Պողոսյանը , նույն ոստիկանն է, ով մարտի 1-ի տարբեր գործերով դատարաններում որպես տուժող ցուցմունքներ է տվել և միշտ ամեն տեղ ներկա է գտնվել։ «Հիմա էլ այստեղ է ներկա, իբր ծեծի է ենթարկվել, իբր մարմնական վնասվածք ունի' ակնհայտ սուտ ցուցմունքներ է տվել»,- ասում է Հովհաննիսյանը։
Ըստ փաստաբանի, Առաքելյանին ներկայացված մեղադրանքը անհիմն է, քանի որ իր պաշտպանյալն ընդհանրապես որևէ մեկին չի հարվածել։ «Տիգրան Առաքելյանի գլխին հարվածել են ատրճանակի խզակոթով և նա ուշագնաց է եղել, այսինքն նա չէր կարող որևէ մեկին հարվածել», պնդում է փաստաբանը։
"Սա եվս մեկ ապացույց է, որ իշխանությունը որեւէ կերպ չի ցանկանում դադարեցնել պատերազմը սեփական ժողովրդի դեմ, հասարակության դեմ, ժողովրդավարության դեմ։ Իշխանությունների, ոստիկանության ցինիզմը ապշեցուցիչ է, քանի որ իրականում կատարվել է հանցագործություն հենց ոստիկանության կողմից: Առանց որեւէ բացատրության, առանց ներկայանալու, մոտ 10 անձինք, քաղաքացիական հագուստներով, զինված, հարձակվել են իրազեկման թռուցիկ բաժանող երիտասարդների վրա, տեղացել հարվածներ, փորձել են առեւանգել բարձրախոսը: Տիգրան Առաքելյանն այդ հարձակումից տուժողներից մեկն է», լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ով վկայակոչում է լուսանկարները, որոնցից պարզ է դարձել, որ հարձակումից առաջ, Կենտրոն բաժանմունքի ոստիկանները, պետի տեղակալի գլխավորությամբ, հետեւել են իրազեկողներին, բավականին երկար ժամանակ:
«Ավելի ուշ, հասկանալով, որ մեր ձեռքում կան անհերքելի փաստեր Կենտրոն բաժանմունքի աշխատակիցների՝ հարձակմանը մասնակցելու մասին, ոստիկանությունը պաշտոնապես ընդունել է մասնակցությունը միջադեպին, բնականաբար գլխիվայր շրջելով իրողությունը", լրագրողներին պարզաբանել է ՀԱԿ համակարգող։
Չի գրանցվել նաեւ հանգամանքը, որ կոնգրեսի ակտիվիստ Հերբերտ Գեւորգյանը քթի ոսկորի կոտրվածք է ստացել։ Խոսքը Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոցի մասին է, որտեղ, ըստ Լեւոն Զուրաբյանի, փաստացի կոծկել են տուժող երիտասարդների վնասվածքները: Դա հիմք է տալիս Լեւոն Զուրաբյանին ասելու, որ ստեղծվել է մի համակարգ, երբ ապօրինությանն արդեն մաս են կազմում բժիշկները:
Լեւոն Զուրաբյանն ասում է, որ իրենք ունեն փաստեր եւ փաստարկներ, որոնք անհարմար դրության մեջ են դնելու շինծու գործի նախաձեռնողներին, սակայն իրենց բոլոր հաղթաթղթերը միանգամից չեն ցանկանում բացել։
Սակայն ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն' երիտասարդներն են բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ, փայտերով ու մահակներով ծեծել են, երբ ոստիկանները վկայականները ցույց են տվել ու փորձել հարթել շուրջ 6 տասնյակ մարդկանց վիճաբանությունը, արդյունքում' ոստիկանության աշխատակից Էրիկ Պողոսյանը տեղափոխվել է հիվանդանոց:
Լեւոն Զուրաբյանի համոզմամբ տեղի ունեցածը Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի ձեռքի գործն է, ով և կազմակերպել է ընդդիմադիր երիտասարդների ծեծկռտուքը, հիմա էլ գործ է բացում նրանց վրա:
«Իշխանությունը շատ կեղտոտ ոճ է որդեգրել. իշխանությունների ներկայացուցիչները սադրում են բռնություններ, կատարում հանցագործություններ, հետո դրա համար պատժում տուժողներին: Ինչպես մարտի 1-ին եղավ», - լրագրողների հե հանդիպման ժամանակ հայտարարել է Լևոն Զուրաբյանը։
Սակայն Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը վճռական է տրամադրված։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խստորեն դատապարտելով այս հայտարարությունները և հուլիսի 1-ի միջադեպի՝ իր խոսքով «ոստիկանների նկատմամբ կատարված բռնությունները», պնդել է, որ երիտասարդները նախապես իմացել են, որ նրանք ոստիկաններ են:
«Նրանք պետք է պատասխան տան», սպառնացել է ոստիկանապետը։
Ժաննա Ալեքսանյան
