Ազատ արձակեք Սարգիս Հացպանյանին

Հուլիսի 9-ին, "Ուրբաթ" ակումբում տեղի ունեցավ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից հրավիրած մամուլի ասուլիսը' Սարգիս Հացպանյանի քրեական գործի և նրա նկատմամբ տարածվող համաներման հանգամանքների շուրջ

Հիշեցնենք, որ Ս.Հացպանյանի դատապարտվել էր 3,5 տարվա ազատազրկման' ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /սուտ մատնություն/, այն բանի համար, որ 2008թ. նոյեմբերի 4-ին "Հայկական ժամանակ" օրաթերթին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ " ...շատ մոտ ժամանակներս Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է իրականացվելու...":

Ասուլիսի կազմակերպիչները նշեցին, որ Սարգիս Հացպանյանի մեղադրանքն անհիմն է, քանի որ "Սուտ մատնություն" հանցագործության հանցակազմն առկա է միայն այն դեպքում, երբ հանցագործության մասին տեղեկությունները հաղորդվում են պետական կամ իշխանության մարմիններին: ԶԼՄ-ներին և այլ մարմիններին նույնաբովանդակ տեղեկություններ հաղորդելը քննարկվող հանցակազմը չի առաջացնում: Ս.Հացպանյանը չի հիշատակել որևէ կոնկրետ անձի անուն, ով պետք է իրականացներ այդ մահափորձը և իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը խաթարելու նպատակ չի հետապնդել:

Ասուլիսը նախաձեռնողները լրագրողներին ներկայացրեցին Ս.Հացպանյանի անմեղությունը վկայող նաև այլ փաստեր, ավելացնելով նաև, որ եթե նույնիսկ Հացպանյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքը, ապա պատիժը ակնհայտ չի համապատասխանում մեղքի ծանրությանը, քանի որ գործում չկան ծանրացնող հանգամանքներ, այլ առկա են միայն մեղմացնող հանգամանքներ: