ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պաշտպանների հայտարարությունը

Մենք, որպես Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ, ձեզ ենք փոխանցում նրա հետևյալ հայտարարությունը.- 'Ես իշխանություններին ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ որևէ հանցագործություն չեմ կատարել և, բացի այդ' զրկված չեմ իմ պատգամավորական անձեռնմխելիությունից: Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի որևէ անձ, որն ապացուցի իմ կողմից հանցագործություն կատարելու որևէ փաստ: Ես սիրում եմ իմ Հայրենիքը և զրկանքներ եմ կրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանն աջակցելու' իմ, որպես պատգամավորի, պարտքը բարեխղճորեն կատարելու համար'. ասել է պարոն Խաչատուր Սուքիասյանը:
 
Որպես պարոն Սուքիասյանի պաշտպաններ' ցանկանում ենք հավելել, որ միջազգային կառույցների, մասնավորապես' Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից ձեռնարկված գործընթացը դեռ իր տրամաբանական ավարտին չի հասցվել և իշխանությունների կողմից համաներման ակտի ընդունումը, ինքնին, չի նշանակում և չի կարող մեկնաբանվել իբրև այն պարտավորությունների ամբողջական կատարում, որոնք նրանք ունեն պարոն Սուքիասյանի և նրա գործընկերների նկատմամբ: Ուշ թե շուտ իշխանությունների առջև դրվելու է նաև ակնհայտ անմեղ անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումներն իսպառ դադարեցնելու անհրաժեշտության հարցը:
 
Այսպիսով, պարոն Սուքիասյանը չի պատրաստվում մինչև 2009 թվականի հուլիսի 31-ը ներկայանալ իշխանություններին, քանի որ ավելի քան համոզված է իր անմեղության մեջ և կասկած չունի, որ արդարությունը, ի վերջո, հաղթանակելու է: