Պաշտպանը գնահատել է զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը այսօր անդրադարձել է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանի հանձնաժողովի զեկույցին՝ ասելով, որ «զեկույցում միակողմանիություն կա»: ՄԻ պաշտպանը նշել է , որ հիմնական պատճառները բարդվել են ընդդիմության վրա և օրինակներ են բերվել միայն ընդդիմության գործողություններից։  
«Նախ ասեմ դժգոհություններս. սկզբից մինչեւ վերջ փորձել են խնայել դատախազությանը, նրանց մասին ընդհանրապես որեւէ խոսք չկա: Բացասական օրինակները բերված են միայն ընդդիմությունից, այսինքն' այստեղ հավասարակշռությունը պահպանված չէ: Որեւէ խոսք չկա, որ արտակարգ դրությունը հիմնականում տարածվեց ընդդիմադիր զանգվածային լրատվամիջոցների վրա: 10 մահվան դեպքերի հետ կապված շատ մեղմ վերաբերմունք են ցուցաբերել: Չեն անդրադարձել քննիչների տարբեր աղաղակող խախտումներին»,- ասել է Պաշտպանը:

Հանձնաժողովի զեկույցում, սակայն, նշվել են այն հիմնական թերությունները, որոնք կան նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զեկույցում: Հանձնաժողովը նշում է, որ մարտի 1-ի իրադարձությունների պատճառը եղել է իշխանության գերկենտրոնացված լինելը, այսինքն' պատասխանատու է իշխանությունը: Սա, ըստ ՄԻՊ-ի, դրական է: Դրական է գնահատվել նաև այն հանգամանքը, որ իշխանությունն է պատասխանատվություն կրում իրավիճակի կայունացման համար: 

Արմեն Հարությունյանը մարտի 1-ի զեկույցում դրական կետեր էլ է արձանագրել: «Նշվում է, որ այդ իրավիճակն օբյեկտիվ էր ստեղծվել եւ դրա պատասխանատուն իշխանությունն է, այսինքն' պատճառահետեւանքային կապի տեսանկյունից շեշտադրումներն օբյեկտիվ են եղել, այս առումով ես զեկույցը դրական եմ գնահատում, բայց կոնկրետիկայի տեսակետից խնդրահարույց է»,- ասում է Արմեն Հարությունյանը:

Պաշտպանը նաեւ ասել է, թե հրապարակված զեկույցով մարտի 1-ի էջը չի կարելի փակված համարել: «Մենք ոչ դրա փակողն ենք, ոչ էլ բացողը, դա մեր պատմության տխուր էջերից մեկն է: Մենք կարող ենք այդտեղից դասեր քաղել կամ չքաղել»: