ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զոհվածների հարազատները իրենց խաբված են զգում
Մինչ Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Ազգային ժողովին էր ներկայացնում իր պատրաստած զեկույցը, խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի էին անցկացնում մարտի 1-ին զոհվածների հարազատները, ովքեր համոզված էին, որ խաբված են:
Զոհվածներից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը ասում էր, թե մեկուկես տարի հույս են կապել խորհրդարանական հանձնաժողովի հետ, իսկ այժմ հիասթափված են դրա նախագահ Սամվել Նիկոյանի հայտարարություններից:
«Ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ իմ երեխային ո՞վ է սպանել: Չորս ոստիկան է եղել, որոնց ձեռքին եղել է հատուկ միջոց, իմ երեխան զոհվել է հատուկ միջոցից: Նրանք գիտեն, թե որտեղ և ում ձեռքով է զոհվել: Ինչո՞ւ պատասխանատվության չեն ներկայացնում»:
Զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի հայրն ասում էր. «Այդ դեպքում թող հրավիրեն գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ պահանջեն, որ 10/33 զորամասի ենթասպաները անօրինական, խիստ արգելված զենք են օգտագործել. ով է այդ զենքը տվել նրանց, ում հրամանով են սպանել մեր անմեղ ցուցարարներին»։
Սամվել Նիկոյանն ասել է, թե սպանությունների բացահայտման հարցով պետք է զբաղվեն իրավապահները: Զոհվածների հարազատները, սակայն, իրավապահների հետ հույսեր չեն կապում:
