ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արման Բաբաջանյանը վերադարձել է
Օրերս Միացյալ Նահանգներից Երևան է վերադարձել «Ժամանակ Երևան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը։ Օգոստոսի 12-ին նա վիրահատվել է եվրոպական նյարդավիրաբուժական կենտրոններից մեկում։ Հեռացվել է գլխուղեղի հիպոֆիզի վրա հայտնաբերված ուռուցքը։ Բժշկական զննության արդյունքում արձանագրվել է նաև, որ Բաբաջանյանը ոտքի հետ կապված խնդիրներ ունի, ինչը կաթվածի հետևանք է։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են բավարար։ Ներկայումս լրագրողը շարունակում է ընթացիկ բուժում ստանալ։
Պարտադիր զինծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված եւ այս տարվա օգոստոսի 4-ին՝ պատժաժամկետը լրանալուց ընդամենը 40 օր առաջ, վաղաժամկետ ազատ արձակված լրագրողը կարծում է, որ իր ազատությունը պայքարի արդյունք է։
«Որ ես իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման էի ենթարկվում եւս մեկ անգամ հաստատվեց համաներման չկիրառմամբ», - ասում է Արման Բաբաջանյանը։ Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշմամբ հայտարարված համաներումը, հիշեցնենք, Արման Բաբաջանյանի վրա չտարածվեց։ Սա Արման Բաբաջանյանի ազատազրկման տարիների ընթացքում հայտարարված 2-րդ համաներումն էր։ Երկու դեպքում էլ համաներումը նրա վրա չի տարածվել, թեեւ նրա հանցանքը համարվում է միջին ծանրության։
