Ոստիկանները բերման են ենթարկել ուսանողներին

Երեկ Քաղաքացիական ազգային նախաձեռնություն եւ Ազգայնական ուսանողական խորհուրդ հասարակական կազմակերպությունների ակտիվիստները Երեւանի պետական համալսարանի տարածքում կազմակերպել էին ակցիա ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների ընդունման, որի ընթացքում ուսանողներին բաժանում էին թռուցիկներ, որոնցում տեղ էին գտել հատվածներ Րաֆֆի Հովհաննիսյանի' հայ ազգին ուղղված բաց նամակից, ինչպեսեւ տեղեկություններ հայ-թուրքական արձանագրությունների առավել վտանգավոր դրույթների վերաբերյալ:

Սակայն ժ 15.00-ի շրջակայքում նրանց գործողությունները փորձել են խոչընդոտել ԵՊՀ անվտանգության ծառայության ներկայացուցիչները, ապա վերջիններիս կանչով ժամանած ոստիկանները, առանց որեւէ օրինական հիմքի բերման են ենթարկել ՔԱՆ-ի եւ ԱՈՒԽ-ի ակտիվիստներին:

Բերման ենթարկված ուսանողները շուրջ 3 ժամ մնացել են անազատության մեջ։ Նրանք ազատ են արձակվել «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջամտությամբ, երբ Կենտրոնի ոստիկանապետի հետ հանդիպման ժամանակ պահանջել են անհապաղ ազատ արձակել երիտասարդ ակտիվիստներին: Ի վերջո, ժ. 18.50-ին ուսանողները ազատ են արձակվել: ՔԱՆ փոխհամակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքերով, իրենց հարցաքննել են, պահանջել են բացատրություն գրել: Հարցերը եղել են հետևյալ բովանդակության. «Ո՞ր քաղաքական ուժերի հետ եք համագործակցում», «Ո՞վ է ձեզ դրդել թռուցիկներ տարածել», անգամ «Որտե՞ղ եք բազմացրել թռուցիկները»:

Քաղաքացիական ազգային նախաձեռնություն եւ Ազգայնական ուսանողական խորհուրդ հասարակական կազմակերպություններն իրենց վրդովմունքն են արտահայտում ոստիկանության ապօրինի գործողությունների կապակցությամբ, որոնց արդյունքում խախտվել են իրենց ներկայացուցիչների իրավունքները եւ պահանջում են իրավապահ մարմիններից այսուհետ ձեռնպահ մնալ անօրինական գործողություններից: