ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բաց նամակ երեք նախագահներին
ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեվին, որում ասվում է.
2009թ. Հոկտեմբերի 20-ին սկսվում է հայ անվանի լրագրող եւ քաղաքական գործիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը:
2008թ. Մարտի 1-ին ՀՀ իշխանությունները իրագործեցին զազրելի եւ անմարդկային արարք' բռնությամբ'ընդհուպ խաղաղ ցուցարարների վրա կրակելով, հարյուրավոր խաղաղ ու անզեն ցուցարարների վիրավորելով եւ առնվազն տասը մարդու սպանելով, ցրեցին զանգվածային ընտրակեղծիքներով ու բռնություններով ուղեկցված նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարներին: Դրանից հետո Հայաստանում մտցվեց հատուկ դրություն, որի պայմաններում ապօրինի սահմանափակումների ենթարկվեցին բոլոր լրատվամիջոցները, իրականացվեցին ընդդիմության զանգվածային ձերբակալություններ, հազարավոր ակտիվիստների ու համակիրների ապօրինի հետապնդումներ:
Այդ օրերից ի վեր ընդհատակ անցած, բայց 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ իրավապահ մարմիններին ներկայացած Նիկոլ Փաշինյանը մինչ այսօր առանց որեւէ հիմքի պահվում է բանտում եւ այժմ կանգնելու է դատարանի առջեւ' զանգվածային անկարգություններ կազմակերպելու շինծու մեղադրանքով:
Հայաստանում արդեն իսկ տեղի են ունեցել հարյուրավոր դատավարություններ: Այդ խայտառակ դատավարությունների մասին կարող եք տեղեկություններ ստանալ Ձեր երկրների դեսպաններից եւ իրավասու միջազգային կազմակերպություններից:
Առայժմ արձանագրված արդյունքն այսպիսին է'
1. մինչ այսօր դատարանի արջեւ չի կանգնել ոչ մի մարդասպան.
2. հերքվել է իշխանության յուրացման համար ընդդիմությանը ներկայացված մեղադրանքը.
3. ընդդիմության եւ միջազգային կազմակերպությունների ճնշման արդյունքում համաներմամբ ազատ են արձակվել 30 քաղբանտարկյալ.
4. 17 քաղբանտարկյալներ, որոնցից մեկը Ֆրանսիայի քաղաքացի է, այսօր էլ դեռ բանտերում են.
5. տասնյակ անմեղ դատապարտված քաղաքացիներ' սպառելով սեփական երկրում արդարության հասնելու բոլոր միջոցները, փորձում են դրան հասնել Մարդու իրավունքների եւրոպական դատարանի միջոցով:
Այսօր, երբ Ձեր երկրները համատեղել են իրենց ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, տարօրինակ զուգադիպությամբ, իսպառ վերացել է նաեւ Ձեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների' ժողովրդավարության վերականգնմանն ու քաղբանտարկյալների ազատմանն ուղղված ճնշումը Սերժ Սարգսյանի վարչախմբի նկատմաբ: Սա մեր եւ հայ հասարակության մի ստվար հատվածի մոտ սասանում է հավատը Ձեր մտադրությունների անկեղծության նկատմամբ, տպավորություն է ստեղծում, որ տեղի է ունեցել ոչ բարոյական գործարք, որ Դուք աչք եք փակում մարդու իրավունքների զանգվածային, կոպիտ խախտումների եւ ժողովրդավարության ոտնահարման ակնհայտ փաստերի վրա' հանուն Սարգսյանի ապօրինի վարչախմբից զիջումներ կորզելու:
Ելնելով վերոգրյալից, անմեղ զոհերի հարազատների, բանտում տառապող քաղբանտարկյալների, ռեժիմի կամայականությունների եւ քաղաքական հետապնդումների զոհ դարձած հազարավոր ՀՀ քաղաքացիների անունից խնդրում եւ պահանջում ենք' օգտագործել Ձեր երկրների եւ Ձեր անձնական միջազգային հեղինակությունը' ստիպելու համար Հայաստանի իշխանություններին հարգել սեփական քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:
