Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

Երեքշաբթի օրը Երևանի Շենգավիթի համայնքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Դատական նիստին զուգահեռ դատարանի շենքի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվել, ովքեր պահանջում են անհապաղ ազատ արձակել Նիկոլ փաշինյանին։ Նրանք ձեքներին պարզել են Նիկոլ Փասշինյանի մեծադիր նկարներն ու ցուցապաստառներ՝ «Անազատության մեջ է Նիկոլը և մենք բոլորս», «Ուր են մարտի 1-ի մարդասպանները» և այլն։ Դատարանի շենքը շրջապատված է ոստիկաններով, որոնք ցուցարարներին թույլ չեն տալիս մոտենալ շենքի մուտքին։ Ոստիկանական մեքենաների շարասյուներ են տեղակայված Արշակունյաց պողոտայի երկայնքով: Դատարան են եկել նախկինում կալանավորված եւ վերջերս ազատ արձակված ընդդիմադիր գործիչներ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ:

Նա ներկայանալի տեսք ուներ և լավ տրամադրություն։ Փաշինյանի շահերը պաշտպանում են երկու փաստաբաններ՝ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը։ Դատարանում մեղադրանքը բացի Կորյուն Փիլոյանից պաշտպանում է նաև Հարություն հարությունյանը։

Նիկոլ Փաշինյանի մուտքը դահլիճում գտնվողները դիմավորեցին ոտնկայս ծափահարություններով։  
Դատական նիստը մեկնարկեց փաստաբան Լուսինե Սահակյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությամբ։ Իր միջնորդության մեջ պաշտպանը բազմաթիվ հիմնավորումներ է բերել, որի համաձայն դատավորը չի կարող անկողմնակալ ու անաչառ լինել իր պաշտպանյալի գործը քննելիս։ Մասնավորապես նա նշել է, որ սույն դատավորն արդեն իսկ դատական ակտեր է կայացրել «7-ի գործով», որտեղ հաստատել է, որ զանգվածային անկարգություններ եղել են. «Այս դեպքում ինպես կարող եք անաչառ լինել և հակառակ որոշումը կայացնել»։

Լուսինե Սահակյանը դատարանում հայտարարել է , թե որևէ մեկը կասկած չուներ, որ Փաշինյանի գործը հենց այս դատավորին են հանձնելու։.

«Բոլորի մոտ վստահություն կար, որ ձեզանից լավ որեւէ մեկը չի կարող կատարել այս պատվերը: Եթե դուք ինքնաբացարկի միջնորդությունը չբավարարեք, ապա կապացուցեք, որ անկողմնակալ չեք». հայտարարել է փաստաբանը: 
Նիկոլ Փաշինյանը դատարանում հեղինակավոր Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կազմակերպության սոցիոլոգիական հարցման տվյալներ է ներկայացրել, ըստ որի դատական համակարգը կոռումպացված է և ուրեմն դատավորը «այդ կոռումպացված բուրգի շահերն է պաշտպանելու։ Անդրադառնալով քրեական դատավարության օրենսգրքում արված փոփոխություններին՝ դատական սանկցիաներին, որով առանց մեղադրյալի կարող են դատական նիստ անցկացնել կամ հարկադիր պաշտպան նշանակել, Փաշինյանն ասել է, որ պատրաստ է հրաժարվելու պաշտպաններից և առհասարակ որևէ սպառնալիքի կամ բեսպրեդելի առջև չի ընկրկելու։

Մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդությունը անհիմն է համարել՝ կոչ անելով պաշտպանական կողմին չառաջնորդվել էմոցիաներով և գործի քննությունը չքաղաքականացնել։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը անհիմն որակելով միջնորդությունը մերժել է այն և դատական նիստը հետաձգել մինչև վաղը։
Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում նշել է, որ, որ դատավարությունն իր բնույթով քաղաքական չի լինելու և գտնվելու է միայն իրավական հարթության վրա։ «Մենք ամեն ինչ անելու ենք դրա համար», ասել է փաստաբանը։

Դատավարությանը հետևում են տեղական իրավապաշտպան կազմակերպություններ ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մեծ քանակությամբ տպագիր մամուլի ներկայացուցիչներ։

«Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն դատարանի մոտ ստորագրահավաք է անցկացրել, որից հետո գերտերությունների դեսպանատներ է փոխանցելու այդ երկրների նախագահներին ուղղված բաց նամակը, որով այդ երկրներից պահանջվելու է ստիպել Հայաստանի իշխանություններին հարգել սեփական քաղաքացիների իրավունքները:

«Ինչպես բոլոր քաղբանտարկյալների, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի դեմ վարչախումբը հարուցել է բացարձակ անհիմն ու շինծու մեղադրանքներ' հերթական անգամ փորձելով կոծկել մարտի 1-ին կազմակերպված ոճրագործությունը», ասված է Հայ ազգային կոնգրեսի երեքշաբթի տարածած հայտարարության մեջ։

Դատաքննության ավարտից հետո, դատարանի բակում լարվածություն է նկատվել հավաքված մարդկանց և ոստիկանության միջև, սակայն բարեբախտաբար այն ծեծկռտուքի չի վերածվել։ Ոստիկանները փորձել են խլել Նիկոլ Փաշինյանի նկարները։

Ժաննա Ալեքսանյան