Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ

Այսօր Շենգավիթի ընդհանուր իարվասության դատարանում  շարունակվող «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարության ժամանակ վերջինիս փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես եկավ իր պաշտպանյալի խափանման միջոցը վերացնելու  միջնորդությամբ:

Փաստաբանը, մասնավորապես, ընդգծեց, որ Փաշինյանի ազատազրկումը տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտումներով։ Փաստաբանը պնդում էր, որ իր պաշտպանյալը չի թաքնվել իրավապահ մարմիններից։  2008թ. փետրվարի 26-ի վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Փաշինյանի նկատմամբ խափանման միջոցը կալանք ընտրելու մասին, ապա հայտարարել է, որ նա թաքնվել է իրավապահ մարմիններից։ Լուսինե Սահակյանը անհեթեթ ու անհիմն որակեց հիշյալ հայտարարությունը։

«Նրա գտնվելու վայրը՝ Ազատության հրապարակը հայտնի է եղել։  Ինչպես նա կարող էր թաքնված լինել և միաժամանակ ելույթ ունենալ այնտեղ։ Վարույթն իրականացնող մարմինը ի վերջո պետք է կողմնորոշվի եղե՞լ է Փաշինյանը Մյասնիկյանի արձանի մոտ, թ՞ե ոչ », դատարանին հարց էր ուղղում փաստաբանը: Իսկ հուլիսի 1-ին նա ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին. Սահակյանի պնդմամբ, եթե մինչ այդ նրա թաքնվելու հիմքերն առկա էին, ապա նրա ներկայնալուց հետո արդեն իսկ դրանքվերացել էին:

Լուսինե Սահակյանի խոսքով՝ Փաշինայանի նկատմամաբ ընտրվել է առավելագույն խիստ խափանման միջոց, ինչը վկայում է այն մասին, որ իր պաշտպանյալը հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար:

Սահակյանը վկայակոչելով եվրոպական դատարանի նախադեպերը, նկատեց, որ ծայրահեղ դեպքերում է, որ դրանք ազատազրկում են նախատեսում, իսկ Փաշինյանի դեպքում առավել ևս, քանի որ Փաշինյանի գործողություններում որևէ քրեորեն հետապնդելի արարք չի եղել:Փաստաբանը դատարանին հիշեցրեց նաև ԵԽԽՎ 1677 բանաձևի պահանջը.«ընդհատակից դուրս եկած անձանց դատավարություններն անցկացնել նրանց ազատության պայմաններում»։

Միանալով իր պաշտպանների միջնորդությանը Նիկոլ Փաշինյանը հավելեց նաև, որ  դատարանը գտնվում է մրցակցային անհավասար պայմաններում։ Եթե պաշտպանական կողմը ազատորեն կարող է արտահայտել իր սկզբունքներն ու տեսակետները, ապա դատարանն ու մեղադրող կողմը զրկված են դրանից։ Նա ցավակցություն հայտնեց դատավորին և դատախազներին, որ օրենքով լիազորված մարդիկ իրականում դատարանում չունեն լիազորություններ:

«Ցավոք սրտի այս դատարանում ո´չ դատավորը, ո´չ դատախազները լիազորություն չունեն փոխելու իմ խափանման միջոցը»։

Անդրադառնալով հարցին, թե, իր խափանման միջոցը փոխվելու դեպքում, կթաքնվե՞ր արդյոք վարույթն իրականացնող մարմնից, Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում չկա մի մարդ, որ չիմանա այդ հարցի պատասխանը։ Ինչ վերաբերում է ընդհատակից դուրս գալու հարցին՝ նա ասաց, որ որևէ մեկը թող չկասկածի, որ ինքը ընդհատակից դուրս է եկել' գիտակցելով, որ իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվելու էր կալանքը:  

«Հայկական ժամանակի» խմբագրի հաջորդ հայտարարությունը կապված էր ամենավերին օղակներից Ազգային անվտանգության ծառայության ստացած հանձնարարականի հետ..«որպեսզի իրեն չձերբակալեն, չկալանավորեն, այլ ֆիզիկապես ոչնչացնեն։ «Ինչո՞ւ», հարցնում էր Փաշինյանը։

Մեղադրող կողմը պաշտպանական կողմին հակադարձեց նույն փաստարկներով՝  անդրադառնալով Մարդու իրավունքների հռչակագրի և ԵԽԽՎ 1677 բանաձևի պահանջներին։ «ԵԽԽՎ բանաձեւերը մեր պետական մարմինների համար ենթակա չեն պարտադիր կիրառման»,- ասաց մեղադրող Հարություն Հարությունյանը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Նիկոլ Փաշինյանի  խափանման միջոց կալանքը փոխելու մասին փաստաբանների միջնորդությունը:

Արդեն երրորդ դատական նիստն է փաստաբանները միջնորդում են դատարանին ժամանակ տրամադրել Փաշինյանի հետ առանձնատեսակցություն ունենալու՝ նրա հետ խորհրդատվություններ անցկացնելու համար, քանի որ «Երևան» քրեակատարողական հիմնարկում նման հնարավորություն չի տրվում: 

«Ձեւականորեն մեզ տրվում է առանձնազրույցի իրավունք, սակայն ԱԱԾ-ում ամեն ինչ ձայնագրառվում եւ տեսագրառվում է: Մեզ արգելում են Փաշինյանին փաստաթղթեր փոխանցել: Մենք աշխատում ենք շատ մեծ դժվարություններով», խնդիրը ներկայացրեց Լուսինե Սահակյանը։

Դատավորը հետևողականորեն, արդեն 3-րդ անգամ մերժում է փաստաբաններին։ Դատավարությունը կշարունակվի երկուշաբթի։