Դատապարտում է ոստիկանության հերթական ապօրինությունները

Հոկտեմբերի 22-ին մի խումբ քաղաքացիներ, որոնց թվում էին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Թեղուտի պաշտպանության խմբի, «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության, Քաղաքացիական ազգային նախաձեռնության ակտիվիստներ, այլ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի առջեւ' ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման: Ակցիայի մասնակիցները պարզել էին պաստառներ, որոնց վրա մասնավորապես կոչ էր արվում իշխանավորներին «լինել ոչ թե միայն 3 միլիոնի, այլեւ 10 միլիոնանոց հայության ղեկավարը», կամ «ո'չ թուրքական նախապայմաններին եւ հայ-թուրքական արձանագրություններին», ինչպեսեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների քարտեզները:

Սակայն ցուցարարները արժանացել են ՀՀ ոստիկանության ապօրինի, կոպիտ եւ սանձարձակ վերաբերմունքին: Մասմավորապես, ոստիկանները պատռել են ցուցապաստառները, Հայասստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի քարտեզները, քաշքշել են ակցիայի մասնակիցներին, ապաեւ խոչընդոտել նրանց շարժվել դեպի ՀՀ նախագահի նստավայր' հնարավորություն չտալով շարունակելու ակցիան նաեւ այնտեղ:

Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հերթական ապօրինությունն ու լկտի պահվածքը, որը, վստահաբար, պարունակում է խուլիգանության եւ քաղաքացիների դեմ ուղղված այլ հանցագործությունների տարրեր, ինչի վերաբերյալ Զարուհի Փոստանջյանը այսօր տարածել է հատուկ հաղորդագրություն հանցագործության մասին:

Ոստիկանության նման պահվածքը ուղիղ հետեւանքն է Հայաստանում տիրող անպատժելության մթնոլորտի եւ իշխանությունների ոչ լեգիտիմության եւ քրեականացման:

Քաղաքացիական ազգային նախաձեռնություն