Ոստիականական վկայություններ

Լուսանկարում՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար, մայոր Խաչատուր Հովակիմյանն է

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի երեկվա դատավարության ընթացքում հարցաքննվեցին ոստիկանության չորս աշխատակիցներ։ Ընդհանրապես քննվող դրվագում(ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելը) դատակոչված 19-ը վկաների հիմնական մասը ոստիկաններ են, ում ցուցմունքների հիման վրա էլ մեղադրանք է առաջադրվել Փաշինյանին։

Դատավարության սկզբում պաշտպանական կողմը դատարանին միջնորդել էր որպես վկա հարցաքննել իրենց կողմից մատնանշված վկաներին ևս, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաձգեց միջնորդության քննարկումը և հիմա դեռևս լսվում են դատախազության համար ցանկալի վկաները։

Որպես վկա հարցաքննվող Ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար, մայոր Խաչատուր Հովակիմյանը իր ցուցմունքում նշեց, որ երթի մասնակիցների մեջ տեսել է Նիկոլ Փաշինյանին' բարձրախոսը ձեռքին, և լսել է վերջինիս կողմից արված «Ժղովուրդ միայեք մեզ» և այլ «հրահրող» արտահայտություններ: Վկայի խոսքով' ինքը չի նկատել է, որ Փաշինյանը որևէ մեկին հարվածի, սակայն տեսել է, որ նա ոստիկաններին քաշքշում է, իսկ հնչեցրած կոչերը ուղղված են եղել ոստիկանությանը և Հանրապետության նախագահին, օրինակ' «Ո՛չ սերժանտացմանը»: Պաշտպանի հարցին, թե կոնկրետ ո՞ր նախագահին է այդ կոչը հասցեագրվել, վկան պատասխանեց' Սերժ Սարգսյանին:

«2007 թ. հոկտեմբերի 23-ին Ձեր նախագահը Սերժ Սարգսյա՞նն էր»,- պաշտպանի հարցին ի պատասխան «Այո»,-ասաց վկան: Գնդի հրամանատար Հովակիմյանը ավելի ուշ շտկեց իր սխալը՝ ասելով, թե շփոթվել էր։ Հենց այս վկան էր, որ իր ծառայողական մեքենայով Կենտրոնի ոստիկանության բաժին է բերման ենթարկել Նիկոլ Փաշինյանին, «Չորրորդ իշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանին և «Ժողովրդավարություն և հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանին։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը մայոր Հովակիմյանից փորձեց պարզել, թե արդյոք նա՞ է 2007-ի հոկտեմբերի 23-ին հարվածել Փաշինյանի աչքին: Վկան հավաստիացրեց, որ ո՛չ ինքն է հարվածել, ո՛չ էլ տեսել է, որ ինչ-որ մեկը լրագրողին հարվածեր: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հարվածողը եղել է հենց ինքը' Խաչատուր Հովակիմյանը:

«Խաչատուր Հովակիմյանը շատ ակտիվ ե եղել միջադեպի պահին։ Նա  հարվածել է Նիկոլին և վնասվածք պատճառել նրան։ Նրա ցուցմունքները ակնհայտորեն չէին համապատասխանում իրականությանը և հակասում էին նախաքննական ցուցմունքներին», պարզաբանեց Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյան։ Փաստաբանի խոսքով նախաքննության ընթացքում ոստիկանները ցուցմունքեր են տվել առաջնորդվելով մի վարկածով, իսկ այժմ վկայի ցուցմունքները հարմարեցվում են նոր վարկածի։

Փաստաբանը հայտնեց նաև, որ միջնորդելու են դատարանին քրեական պատասխանատվության ենթարկել վկա Հովակիմյանին, ով բռնություն է կիրառել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Հաջորդ վկան՝ ՊՊԾ վաշտի հրամանատար Անդրանիկ Առաքելյանը նշեց, որ Փաշինյանին տեսել է միջադեպի պահին, սակայն ի տարբերություն նախորդ վկայի ինքը չի նկատել քաշքշուք Փաշինյանի և այլ անձանց միջև:

2007թ-ի հոկտեմբերի 23-ի դրվագով Նիկոլ Փաշինյանի այսօրվա դատական նիստն ավարտվեց վկայություն տվող ոստիկանության ևս 2 աշխատակիցների հարցաքննությամբ:

ՊՊԾ վաշտի հրամանատար Վարդան Գևորգյանը պատմեց, որ այդ օրն ականատես է եղել քաշքշուքի' ցուցարարների և ոստիկանների միջև, բայց Նիկոլ Փաշինյանին չի տեսել ոստիկանության աշխատակցին հարվածելիս:

Հաջորդ վկան' Կենտրոնի ոստիանության Պրոֆիլակտիկայի բաժնի պետ Արմեն Հովակիմյանը ևս չէր տեսել Նիկոլ Փաշինյանին' տուժող ոստիկանության աշխատակցին հարվածելիս: Հարցաքննված 4 վկաներից միայն Արմեն Հովակիմյանը հաստատեց, որ «բերման ենթարկելու հրամանը տվել էր Աֆյանը»: