ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երթ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների
Երթ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների
Դեկտեմբերի 10-ին աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ ՀՀ քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել.
«2009թ. Դեկտեմբերի 10-ին ողջ աշխարհը նշելու է Մարդու իրավունքների օրը: Ի հեճուկս Հայաստանի առջև օրեցօր ծառացող մարտահրավերների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ու անհատների բազմաթիվ ահազանգերի եւ տարածված հասարակական կարծիքի, Հայաստանում իշխանությունը զավթած հանցախումբն ամեն ինչ անում է կասեցնելու համար երկրի վերադարձը ժողովրդավարական ուղի:
Այս օրն էլ բանտում են դիմավորելու հանուն Հայաստանի ազատության ու ժողովրդավարացման պայքարի ելած մեր քաղբանտարկյալ ընկերները:
Այս օրն էլ ստիպված ենք լինելու արձանագրել, որ մեր երազած Անկախ Հայաստանը, մեր իսկ թողտվությամբ, մի խումբ հանցագործներ վերածել են բանտի' ուր մենք զրկված ենք արդար դատավարության, ընտրելու ու ընտրվելու, ազատ տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքներից:
Ակնհայտ է, որ առանց հետեւողական պայքարի մեզանից խլված իրավունքները չեն վերադարձվելու և, եթե չենք ուզում, որ մեր զավակներն էլ ապրեն բանտում, պետք է պայքարենք հիմա, պայքարենք անընդհատ:
Կոչ ենք անում Հայաստանի բոլոր ազատ քաղաքացիներին' դեկտեմբերի 10-ին ժ. 13:00-ին մասնակցել Մարտիրոս Սարյանի արձանի մոտից ի պաշտպանություն մարդու իրավունքների կազմակերպվող երթին և միասնաբար ՈՉ ասել անարդարությանն ու ապօրինությանը:
Մեր առաջնահերթ պահանջներն են' ՀՀ բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակելը եւ 2008թ. Մարտի 1-ի խաղաղ ցուցարարների սպանդի կազմակերպիչներին պատժելը»:
