ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նոր բացահայտումներ Փաշինյանի գործով
Նոր բացահայտումներ Փաշինյանի գործով
Նիկոլ Փաշինյանի գործով երեկվա դատավարության ընթացքում շարունակվել է քրեական գործում առկա փաստաթղթերի հրապարակումը։ Փաշինյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը դատավարության կողմերի ուշադրությունը հրավիրել է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հ.Թամամյանի գրությանը՝ ուղղված Հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանին, որով տեղեկացվում է, որ Ինտերպոլով հետախուզում է հայտարարվել Նիկոլ Փաշինյանի եւ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ:
Սակայն Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը նրանց տվյալները չի տեղադրել էլեկտրոնային բազայում: Այս առնչությամբ Հայաստանի ոստիկանությունը դիմել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարության իրավական հարցերով գրասենյակ եւ ստացել հակընդդեմ հարցեր. ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանի ոստիկանությունը, խախտելով Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի պահանջը, սովորական հանցագործություն է որակել լրագրողի մասնակցությամբ ցույցերի հետ կապված միջադեպը։ Ինտերպոլի պաշտոնական պատասխանում, որը դատարանում հրապարակեց Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, գրված է, որ այդ կառույցը չի միջամտում քաղաքական հարցերին:
«Նույնիսկ Ինտերպոլը համարում է, որ սա քաղաքական հետապնդում է և չի հաշվառել Ն. Փաշինյանին և Խ. Սուքիայանին հետախուզվողների ցուցակում»,-հայտարարել է փաստաբանը։
Վկայակոչելով Ինտերպոլի սահմանադրությունը' փաստաթուղթը հստակ նշում է, որ Կազմակերպությանը խստորեն արգելվում է միջամտել քաղաքական, ռազմական, կրոնական և այլ բնույթի հարցերին: Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը հավելյալ տեղեկություններ է պահանջել, որը կհիմնավորի Փաշինյանի' սովորական հանցագործ լինելու հանգամանքը:
Լուսինե Սահակյանի համոզմամբ 2007 թ-ի սեպտեմբերից Նիկոլ Փաշինյանի նկատմամբ արդեն քաղաքական հետապնդում էր իրականացվում, ինչը վկայում է նաև Ն. Փաշինյանի կնոջ' Աննա Հակոբյանին պատկանող գույքի մասին տեղեկատվություն ստանալու քննիչի միջնորդությունը, ինչպես նաև Փաշինյանի հեռախոսազրույցների, նամակագրական, փոստային կապի վերասկմանը վերաբերող միջնորդրությունը:
